Վրաստանի խորհրդարանը վստահություն տվեց կառավարության նոր կազմին, և այս պահից սկսած կառավարությունը ստանձնում է իր իրավասությունը: Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարության կազմին կողմ քվեարկեց «Վրացական երազանքի» 89 պատգամավոր, դեմ քվեարկեցին «Քաղաքացիներ» կուսակցության երկու անդամը, իսկ «Եվրոպացի սոցիալիստների» 4 պատգամավորները ձեռնպահ մնացին: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։
Կառավարության կազմը հետևյալն է.
Վարչապետ՝ Իրակլի Ղարիբաշվիլի,
Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար՝ Իրակլի Քարսելաձե,
Արդարադատության նախարար՝ Գոչա Լորթքիփանիձե,
Ներքին գործերի նախարար՝ Վախթանգ Գոմելաուրի,
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար' Նաթիա Թուրնավա,
Արտաքին գործերի նախարար' Դավիթ Զալկալիանի,
Ֆինանսների նախարար՝ Իվանե Մաճավարիանի,
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար' Միխեիլ Չխենկելի,
Բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության, սոցիալական պաշտպանության նախարար' Էկատերինե Տիկարաձե,
Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության նախարար' Լևան Դավիթաշվիլի,
Պաշտպանության նախարար՝ Ջուանշեր Բուրճուլաձե,
Հաշտության և քաղաքացիական հավասարության պետնախարար՝ Թեա Ախվլեդիանի:
Իրակլի Ղարիբաշվիլին, այսօր խորհրդրանում լսումների ժամանակ ներկայացնելով նոր կառավարության առաջիկա ծրագրերը, խոսել է առաջնահերթությունների մասին: Ղարիբաշվիլիի խոսքով' կառավարության գլխավոր առաջնահերթությունները կլինեն ապակառուցողական ուժերին սահմանադրական կարգուկանոնի շրջանակներ վերադարձնելը, պատվաստանյութի ներմուծումը և տասնամյա զարգացման նոր ծրագրի մշակումը:
«Առաջին 100 օրվա ընթացքում հիմնական առաջնահերթությունները կլինեն երկրում կարգուկանոնի հաստատումը և մի շարք ապակառուցողական ուժերի սահմանադրական կարգուկանոնի շրջանակներ վերադարձնելը: Իհարկե, մեր հիմնական առաջնահերթությունը կլինի բնակչության համար ներմուծել պատվաստանյութեր և մշակել զարգացման նոր, հավակնոտ 10-ամյա ծրագիր, որը ես կանեմ ձեր ներգրավվածության և իմ թիմի հետ միասին», — խորհրդարանում հայտարարել է Ղարիբաշվիլին: