Իհարկե, ոչ ոք չի կասկածում, որ խարդախությունը՝ խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով այլոց վնաս պատճառելը, քրեորեն պատժելի հանցագործություն է: Եվ ճիշտ է, որ շատ դեպքերում, առանձնապես երբ խմբակային է դա կատարվում, բավական խիստ պատիժ է նախատեսվել: Այս մասին գրում է Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:
«Պարզ է նաեւ, որ նախընտրական խոստումներով ընտրողներին խաբելը, նրանց վստահությունը չարաշահելով իշխանության գալը խարդախություն է՝ քրեորեն պատժելի արարք: Եվ երբ էլ դա ակնհայտ դառնա, այդ իշխանությունն այլեւս լեգիտիմ չի կարող համարվել եւ առնվազն պետք է զրկվի իր լիազորություններից:
Ցավոք, այս պարզ, հասկանալի ճշմարտությունը մինչ այժմ չի ամրագրվել ո՛չ մեր հիմնական օրենքում եւ ո՛չ էլ Քրեական օրենսգրքում, չնայած այդ հարցը բազմիցս բարձրացվել է: Մանավանդ՝ կար նախադեպ: Մեր առաջին պառլամենտի՝ ՀՀ գերագույն խորհրդի մանդատային հանձնաժողովը շռայլ խոստումներով որոշ ընտրատարածքների ընտրողներին խաբած պատգամավորներին զրկեց մանդատից, եւ դա հաստատվեց խորհրդի կողմից: Հետագայում՝ համամասնական ընտրակարգին անցնելու անհրաժեշտության հարցը քննարկելիս, որպես կարեւորագույն փաստարկ՝ միշտ բերվում էր այն պնդումը, որ մեծամասնական թեկնածուներն ավելի հեշտությամբ կխաբեն ընտրողներին, քան նախընտրական որոշակի ծրագրով ընտրություններին գնացող կուսակցությունները, դաշինքները:
Իհարկե, տվյալ ընտրատարածքում փողոցների ասֆալտապատման, միայն իրենց համար ոռոգման ջրի հարցը լուծելու կամ այլ չհիմնավորված խոստումներով ընտրողների վստահությունը չարաշահելու հնարավորությունը բավական մեծ է: Սակայն ակնհայտ է նաեւ, որ համամասնական կարգով ընտրություններին գնացող քաղաքական ուժերը նույնպես, այս անգամ արդեն ավելի ընդհանրական հարցերով՝ չմշակված, չծրագրավորված, հաճախ էլ անիրականանալի, չհիմնավորված սին խոստումներ տալով՝ միամիտ ընտրողներին խաբելու բավական լայն հնարավորություն ունեն:
Հաշվի առնելով դա՝ դեռ նախորդ (2005թ.) սահմանադրական փոփոխություններին նախապատրաստվելիս «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության կողմից Ազգային ժողովին ներկայացվեց Սահմանադրության փոփոխման մեր նախագիծը, որով նախատեսվում էր նաեւ ընտրողներին խաբելու համար պատասխանատվություն կրելու հետեւյալ նորմը՝ եթե իշխանության եկած կուսակցությունը կամ դաշինքը բավական երկար ժամանակ չի կատարել նախընտրական իր ծրագրով նախատեսված կարեւոր խոստումները, նա այլեւս լեգիտիմ չի համարվում, եւ այդ պատճառով հանրապետության նախագահը ցրում է պառլամենտը, նշանակում նոր արտահերթ ընտրություններ:
Եվ չնայած Վենետիկի հանձնաժողովը դրական էր այն գնահատել՝ որպես ժողովրդավարության ամրապնդմանը նպաստող գաղափար, սակայն, հասկանալի պատճառով, այդ ժամանակվա ԱԺ մեծամասնությունը մեր այդ նախագծին դեմ քվեարկեց, եւ այսօր մենք դրա դառը պտուղներն ենք քաղում:
Իհարկե, ցավալի է նաեւ, որ մեր «հպարտ» քաղաքացիներն այդքան հեշտությամբ են խաբվում: Խաբվում են ե՛ւ մինչեւ ընտրությունները, ե՛ւ ընտրությունների ընթացքում, էլ չեմ խոսում այն մասին, թե ինչպես հիմարեցրին, խաբեցին ողջ ժողովրդին այս դաժան պատերազմի 44 օրերի ընթացքում ու հիմա էլ դեռ շարունակում են: Այս երկարատեւ մղձավանջից հետո էլ նորից պնդում են՝ ի՞նչ է եղել որ, մենք լեգիտիմ իշխանություն ենք, արտահերթ ընտրությունների կարիք չկա:
Սուտն ու կեղծիքը մեզանում այնքան սովորական են դարձել, որ շատերը, հավանաբար, մոռացել են, թե «Իմ քայլը» դաշինքը իշխանության գալու համար իր նախընտրական պաշտոնական ծրագրով մեր ընտրողներին, օդի մեջ, ինչ շռայլ խոստումներ էր տվել: Խոստումներ, որոնք մինչ այժմ ոչ միայն չեն կատարվել, այլեւ արձանագրվել են լրիվ հակառակ արդյունքներ:
Դեռ մի կողմ թողնելով այն, որ նախընտրական այդ ծրագրով հստակ նախատեսված 50 պարտավորությունները բոլոր ուղղություններով այդպես էլ չեն կատարվել, անդրադառնանք միայն ամենացավոտ խաբեությանը:
Երկարաշունչ, ծավալուն նախընտրական ծրագրի՝ մեր երկրի հզորացմանը, մեր ժողովրդի, Հայաստանի, Արցախի անվտանգության ամրապնդմանը, այլ երկրների հետ փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն առնչվող մասերը քիչ ուշադիր թերթելիս արդեն զգացվում է, որ գրողների մտքով էլ անգամ չի անցել մտածել, թե ինչ հնարավորություններ ունեն, ինչպես են անելու այն, ինչ խոստանում են, որ կանեն: Դե, խաբել՝ խաբել է: Նրանց համար դա չէ կարեւորը: Կարեւոր է միայն այն, թե ինչ տպավորություն կթողնի դա ընտրողների վրա, իրենց ձայն կտա՞ն, թե՞ ոչ:
Դա ցույց տալու համար, առանց անգամ տառի փոփոխման, հատ-հատ մեջբերեմ, թե այդ կարեւորագույն խնդիրներով ինչ են նիկոլականներն ընտրվելիս խոստացել: Իսկ թե որքանով դրանք կատարվեցին, կարծում եմ՝ այժմ բոլորն էլ լավ տեսնում են: Այսպես, օրինակ՝
1. Մեր արտաքին քաղաքական առանցքային նպատակն է լինելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ անվտանգության ապահովումը, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը։
2. Միջազգային հանրության օրակարգային հարցերում մեր քայլերն ուղղված են լինելու Հայաստանի Հանրապետության դերակատարության բարձրացմանը եւ առաջամարտիկի դերի ստանձնմանը։
3. Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը, ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի շարունակական իրականացմանը, Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության արտաքին սպառնալիքների չեզոքացմանը։
4. Հայկական զինված ուժերը համալրված են լինելու տեղական ռազմական արդյունաբերության արտադրանքով, որը շարունակական կատարելագործման միջոցով ապահովելու է մեր բանակի մարտունակությունը։
5. Զինված ուժերը համալրված են լինելու այսօրվա ռազմական գիտության պահանջներին համապատասխան արդիական զինատեսակներով եւ տեխնոլոգիաներով, գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների, հրետանային խոցման եւ հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգերով։
6. Մեր զինված ուժերն ի զորու են լինելու կանխատեսելու, կանխելու, զսպելու, հակադարձելու կամ չեզոքացնելու առկա ու հավանական ռազմական բնույթի սպառնալիքներն ու մարտահրավերները:
Կարծում եմ՝ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրից մեջբերված այս 6 կետերն էլ արդեն լրիվ բավարար են՝ նշելու համար, թե ինչ խմբակային, նախապես ծրագրավորված խարդախության, խաբեության զոհ են դարձել մեր ընտրողները: Որ դա նույն կարգի, եթե ոչ ավելի, հանցագործություն է, ինչպես ընտրությունների անմիջական կեղծումը:
Այս իշխանություններն այլեւս լեգիտիմ համարվել չեն կարող: Այլ ելք չկա, որքան հնարավոր է շուտ՝ նրանց հոգեւոր ղեկավարը պետք է հրաժարական տա, կազմվի նոր ժամանակավոր կառավարություն, որն էլ կկազմակերպի, որ առանց կեղծիքների, առանց նման խարդախության անցկացվեն արտահերթ ընտրություններ»,- գրում է Սադոյանը: