Թավշյա հեղափոխությունից առաջ և այնուհետև՝ ընտրությունների նախաշեմին, ՔՊ-ականները և Նիկոլ Փաշինյանը տարաբնույթ խոստումներ էին տալիս հպարտ քաղաքացիներին, այդ խոստումներից մի քանիսը հետագայում նաև տեղ գտան կուսակցության նախընտրական ծրագրում:

Թե՛ հեղափոխության օրերին, թե՛ դրանից հետո ՔՊ-ականները և անձամբ Նիկոլ Փաշինյանը խոստանում էին հանրության առաջ թափանցիկ աշխատել, հատկապես վկայակոչում էին տարատեսակ հիմնադրամների հանդեպ հանրային և պետական վերահսկողության ավելացման անհրաժեշտությունը և դրանց աշխատանքի թափանցիկության ապահովումը։

Սակայն, տարիներ անց նույն ՔՊ-ականներն արդեն ԱԺ-ում՝ պատգամավորի կարգավիճակում, առաջ են քաշում օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ակնհայտորեն հակասում են իրենց իսկ քաղաքական ուժի կողմից տրված խոստումներին և նախընտրական ծրագրում առկա կետերին:

Դիցուք՝ չնայած այն հանգամանքին, որ հեղափոխության օրերին ՔՊ-ականները խոստանում էին ընդլայնել խոսքի ազատությունը ՀՀ-ում, ԱԺ-ն ընդունեց «Զանգվածային լրատվության միջոցների» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը համահեղինակել էր ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը: Այդ նախագծով չնույնականացված աղբյուրների, ֆեյքերի լուրերը արտատպելու դեպքում ԶԼՄ-ն ինքն է լինելու պատասխանատու: Բացի այդ, պետական մարմիններում չեն կարող գրանցվել ԶԼՄ-ներ, որոնք չեն հրապարակում տարեկան ֆինանսական հաշվետվությունը եւ կամ չունեն նույնականացում, այդ ԶԼՄ-ն տնօրինողի, սեփականատիրոջ մասին որեւէ տեղեկություն չկա: Հատկանշական է, որ նախագծի հեղինակների վեցից հինգը նախկինում աշխատել են որպես լրագրող։ Այսպես' նախագիծն առաջարկող պատգամավորներն են Արթուր Հովհաննիսյանը (աշխատել է Para TV-ում), Սարգիս Խանդանյանը (CivilNet-ում), Հայկ Կոնջորյանը (lragir.am-ում), Վահագն Հովակիմյանը (Հայկական ժամանակ, Ժողովուրդ, panorama.am), Թագուհի Ղազարյանը (armsport.am):