Գյուղնախարար Իգնատի Առաքելյանը ոլորտի պատասխանատուների հետ եղել է Արարատի մարզում, գյուղացիների հետ հերթական անգամ քննարկել վերջիններիս հուզող հրատապ խնդիրները: Նախարարը մարզում գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթ հիմնախնդիր է համարել ոռոգման ջրի սակավությունը, ինչը, որքան էլ զարմանալի է, պայմանավորել է երաշտով և ջրի պաշարների քչությամբ: Նա գյուղացիներին վստահեցրել է, որ հնարավորության դեպքում միջոցներ կձեռնարկվեն խնդրի լուծման ուղղությամբ: Որքան էլ որ ցավալի է, Իգնատի Առաքելյանը չի մատնանշել, թե բաղձալի հնարավորությունները երբ կլինեն: Արդեն քանի տարի է՝ Արարատյան դաշտում, հատկապես գյուղերում, ոռոգման ջուրը խնդիր է, եթե վճարովի հիմունքներով գյուղացիները կարողանում են դաշտերի հողատարածքները մշակել, բուն գյուղերում այլ պատկեր է. ջուրը` որպես կատեգորիա, ո'չ տեսանելի է, ո'չ շոշափելի:

Ընտրությունների նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանը, նույն Մասիսի տարածաշրջանում անդրադառնալով ձկնաբույծների կողմից ջրի անխնա վատնմանը, գյուղացիներին վստահեցնում էր, որ լուրջ աշխատանքներ են իրականացվելու ոլորտում՝ թափանցիկ ակնարկներ անելով անգամ որոշ ընկերությունների ուղղությամբ: Վարչապետի խոստումներից բավականին ժամանակ է անցել, մինչդեռ մինչ օրս թեթև ակնարկ անգամ չի եղել տրված խոստումների ուղղությամբ աշխատանքներ տանելու առումով: Ձկնաբուծարանների խնդիրը մինչ օրս առկախված է. մինչդեռ այդ ջուրը պետք է մաքրել և օգտագործել ոռոգման համար: Եվրոպական երկրներում մինչև 95 տոկոսով նույն ջուրն է պտտվում: Չնայած բնապահպանական հսկայական գործունեություն է իրականացվում աշխարհում, բայց մոլորակի վրա տեղի ունեցող փոփոխություններն առաջանցիկ են. մենք չենք հասնում դրանց հետևից: Այսօր մենք շատ լավ ծրագրեր կազմում ենք, օրենքներ ենք գրում, բայց նաև սողանցքներ ենք թողնում, որպեսզի հետո դրանք այլ կերպ օգտագործողներ լինեն: Գաղտնիք չէ, որ ձկնաբուծարաններն ազատված են շահութահարկ վճարելու պարտավորությունից և ջուրը նրանց համար գրեթե ձրի է՝ 1 խորանարդ մետրի համար հինգ լումա։ Գյուղացին այդ նույն որակի ջրի համար վճարում է մոտավորապես 170 դրամ: Կկարողանա՞ արդյոք կառավարությունը բավական կամք ցուցաբերել` փրկելու Արարատյան դաշտի ջրային ռեսուրսները` ցույց կտա ապագան: Սակայն դանդաղել այս առումով, չի կարելի: Եղած ջրային պաշարները տրամադրվում են բացառապես ձկնաբուծարաններին եւ գյուղացին մնում է ձեռնունայն: Այստեղ խնդիրն այն չէ, թե ձկնաբուծարաններն ո՞ւմ են պատկանում եւ ի՞նչ շահույթ են ստանում դրանից. խնդիրն այն է, որ անհրաժեշտ է հարցը օրենսդրական դաշտ տեղափոխել, որպեսզի գյուղատնտեսությունը ձկնարտադրությանը զոհ չդառնա: Մնում է սպասել և տեսնել, թե երբ ՀՀԿ-ն և մասնավորապես Կարեն Կարապետյանը կկատարեն տված նախընտրական խոստումները:

 

Ստելլա Խաչատրյան