Գաղտնիք չէ, որ հեղափոխությունից առաջ և այնուհետև՝ ընտրությունների նախաշեմին, ՔՊ-ականները և Նիկոլ Փաշինյանը տարաբնույթ խոստումներ էին տալիս հպարտ քաղաքացիներին, այդ խոստումներից մի քանիսը հետագայում նաև տեղ գտան կուսակցության նախընտրական ծրագրում:
Թե՛ հեղափոխության օրերին, թե՛ դրանից հետո ՔՊ-ականները և անձամբ Նիկոլ Փաշինյանը խոստանում էին հանրության առաջ թափանցիկ աշխատել, հատկապես վկայակոչում էին տարատեսակ հիմնադրամների հանդեպ հանրային և պետական վերահսկողության ավելացման անհրաժեշտությունը և դրանց աշխատանքի թափանցիկության ապահովումը։
Սակայն, տարիներ անց նույն ՔՊ-ականներն արդեն ԱԺ-ում՝ պատգամավորի կարգավիճակում, առաջ են քաշում օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ակնհայտորեն հակասում են իրենց իսկ քաղաքական ուժի կողմից տրված խոստումներին և նախընտրական ծրագրում առկա կետերին:
«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արփի Դավոյանի նախաձեռնությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից վերցվել է ընտրական հիմնադրամները վերահսկելու գործառույթն ու այն կոռուպցիայի կանխարգերլման հանձնաժողովին տրվել։ Նախաձեռնությունն, իհարկե, քաղաքական մեծամասնության «կողմ» կոճակի շնորհիվ թե՛ առաջին, թե՛ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանում, ու ԿԸՀ-ն, փաստորեն, այլեւս չի՛ վերահսկելու ընտրական հիմնադրամները։ Ի՞նչ է սա, եթե ոչ ակնհայտ շեղում հենց ՔՊ հայտարարած սկզբունքներից:
Արփի Դավոյանի հեղինակած մեկ այլ նախագիծ էլ ենթադրում էր, որ, այն համայնքներում, որտեղ ինչ-ինչ պատճառներով համայնքապետեր չեն կարողանում ընտրվել, ՀՀ վարչապետին հնարավորություն կտրվի պաշտոնակատարներ նշանակելու: Մինչդեռ սա իշխանության ուզուռպացիայի ակնհայտ փորձ է, որն էլ օրենքի ընդունումից հետո կիրառվեց մի շարք համայնքերում, մասնավորապես՝ Վանաձորում: Այստեղ ՔՊ-ն պարզապես զավթեց իշխանությունը: Հեղափոխության օրերին Փաշինյանն ու թիմակիցները կտրուկ դեմ էին արտահայտվում նման գործելաոճին և դրանում մեղադրում էին ՀՀԿ-ին: Ինչպես ասում են՝ իրավիճակ է փոխվել...