Քաղաքացիների դժգոհությունը գազի շուկայում տիրող իրավիճակից չի դադարում։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում վարորդները բողոքեցին, որ մեքենան գազով լիցքավորելիս վճարում են շատ, բայց վարում են քիչ․ «Թոխմախի գազալցակայանում վճարված գումարին համարժեք չեն լիցքավորում: Եթե նախկինում լիցքավորում էի 3000 դրամ և վարում 180 կմ, ապա հիմա վարում եմ 130-140 կմ։ Խոսքը, մոտավորապես, 30-40 կմ ավելի քիչ վարելու մասին է»,- ասաց վարորդներից մեկը՝ դժգոհելով նաև վերահսկողություն իրականացնող մարմնից:
Նրանք նշում են, որ խնդիրը նկատել են նաև այլ գազալցակայանների դեպքում և կարծում են՝ հավանաբար, կամ ճնշումն են քիչ տալիս, կամ օդ են խառնում։
Թե ո՞րն է խնդիրը, արդյոք Տեսչական մարմինն այս մասով ուսումնասիրություն արե՞լ է և արդյոք խախտումներ արձանագրե՞լ է, թե ոչ՝ ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց պարզել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանից․ «Տեսչական մարմինը ամբողջ տարվա ընթացքում վերահսկողություն է իրականացնում ենթակա ոլորտումներում։ Ավտոմեքենայի քիչ վարելը կարող է կախված լինել գազի թանկացումից, քանի որ վարորդներն ասում են՝ նախկինում լիցքավորում էինք 3000 դրամ, քշում էինք 100 կմ, հիմա՝ 80 կմ։ Եթե անցած տարի գազի գինը տատանվում էր մինչև 300 դրամի սահմանում, ապա հիմա մի քանի տեղ նկատել են, որ դարձել է 310-320 դրամ։ Այդ պատճառով հարցում եմ ուղարկել «Գազպրոմ Արմենիա», որպեսզի հասկանանք խնդիրը գազի գնի բարձրացման հետևա՞նք է, թե՞ տնտեսվարողներն են թանկացրել։ Դեռ պատասխանը չենք ստացել, երբ ստանանք՝ կդիմենք կամ ՏՄՊՊՀ, կամ կհասկանանք մեր հետագա քայլերը»,- ասաց Կոտոլյանը։
Ինչ վերաբերում է վարորդների ենթադրություններին, թե խնդիրը գուցե նորմալ ճնշում չտալն է, կամ գազին օդ խառնելը, ապա Կոտոլյանը նշեց․ «Ըստ կառավարության՝ գազի ճնշումը մինչև 200 պետք է լինի, բայց ճնշումը բացարձակ կապ չունի, այսինքն, եթե քիչ ճնշում են տալիս, քիչ գազ է տեղավորվում գազաբալոնի մեջ, որի համար քաղաքացին քիչ է վճարում, բարձր ճնշման դեպքում, բնականաբար, շատ կտեղավորվի և շատ կվճարի։ Ինչ վերաբերում է գազին օդ խառնելուն, ապա ցանկացած ֆիզիկոս կարող է փաստել, որ այն պայթյունավտանգ կարող է լինել։ Հետևաբար ոչ ոք նման բան չի անի»,- նշեց Կոտոլյանը։
Նշենք, որ Թոխմախի գազալցակայանը պատկանում է Թոխմախի Մհեր անունով հայտնի Մհեր Սեդրակյանին, որտեղ ՊԵԿ-ը ժամանակին18 մլն դրամի խախտում էր հայտնաբերել։