Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երեկվանից Հայաստանում սահմանափակվեց քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը. արգելվում է նաև 2 հոգուց ավել գտնվել մեքենայում, հակառակ դեպքում՝ քաղաքացիները կենթարկվեն վարչական պատասխանատվության:

 

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց օնլայն պատվիրման եղանակով գործող տաքսու վարորդներից մեկը: Բանն այն է, որ տաքսու վարորդը չգիտի՝ պատվիրողը քանի հոգով է նախատեսում նստել իր մեքենան, հետևաբար ժամանակ ու միջոցներ է ծախսում հասցե հասնելու համար, բայց ստիպված է լինում պատվերը չեղարկել:

«Եթե պատվերների 80 %-ը չեղարկեմ, ապա ես ինչպե՞ս պետք է փող վաստակեմ: Վարչապետն ասում է՝ Հայաստանում օրավարձով աշխատող չկա, բա ես ի՞նչ եմ, ամեն օր վաստակում եմ իմ օրվա ապրուստի փողը»,- նեղսրտեց տաքսու վարորդը:

Մեզ զանգահարում են մարդիկ և հետաքրքրվում՝ ինչ պետք է անի, օրինակ, ամուսնական զույգը որևէ տեղից տաքսիով իրենց տուն տեղափոխվելու դեպքում, երբ ստացվում է՝ իրենցից բացի մեքենայում լինելու է նաև երրորդ անձ՝ վարորդը:  

 
 
 

«Մեքենայում 2 անձից ավել չպետք է լինի՝ ներառյալ վարորդը: Ամուսիններ լինեն, թե զույգ եղբայրներ՝ կարգը պետք է պահպանել»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ նշելով, որ պարետի որոշմամբ՝ կարգն այդպիսին է և այն բացառություն չի նախատեսում:

 

Փաստորեն, նրանք ստիպված են պատվիրել 2 տաքսի և տեղափոխվել առանձին տաքսիներով: Սակայն, սա էլ հարցի լուծում չէ. եթե ամուսինները շփվելու էին մեկ վարորդի հետ, ապա այս դեպքում՝ ստիպված են շփվել 2 տարբեր վարորդի հետ: Սա նշանակում է, որ շփման շրջանակն ավելի է մեծանում ու ստացվում է՝ վարակի տարածումը կանխելու փոխարեն՝ հակառակ արդյունքն ենք ունենալու: Էլ չենք խոսում այն մասին, երբ 5 հոգանոց ընտանիքի անդամները ստիպված են միասին որևէ տեղ գնալ ու հարկադրաբար պետք է օգտվեն տարբեր տաքսիներից, այստեղից էլ մեկ այլ խնդիր է առաջանում. պարապուրդի մատնված ընտանիքը որտեղի՞ց վճարի, օրինակ, 500 դրամի փոխարեն՝ դրա հնգապատիկը:

 

Սոնա Հարությունյան