Սահմանադրական դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա' ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի' Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ որոշումը, որում ասված է․
«Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող հոդվածը համահունչ չէ Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին: Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և 4-րդ մասը, 170-րդ հոդվածը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64, 69 և 71-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց.
1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածը ճանաչել Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։
Որոշումն ամբողջությամբ՝ այստեղ։
Հիշեցնենք, որ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվեց Սահմանադրության 78 (Համաչափության սկզբունք) և 79-րդ (Որոշակիության սկզբունք) հոդվածներին հակասող և անվավեր։
«Սույն որոշումը վերջնական է ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Դատավոր Խունդկարյանը հատուկ կարծիք ունի որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ»,-նշեց նա։ Որոշումը, ըստ սահմանված կարգի, 3 օրվա ընթացքում պետք է հրապարակվեր ՍԴ պաշտոնական կայքէջում։
Փաստաբան Արմամ Վարդևանյանը հայտարարեց․ «Բարձր դատարանը մնաց իր բարձունքի վրա, սա նշանակում է, որ 300.1 հոդվածով ինչպես ի սկզբանե չէր կարող լինել քրեական հետապնդում, այնպես էլ այս հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվելու է։ ՍԴ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Քրեական օրենսգրքում այլևս 300․1 հոդված չկա։ Չկա հոդված, չկա հանցանք»։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:
Սրանից բացի իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 300.1 հոդվածով։