Արցախյան պատերազմի ժամանակ զոհված ազատամարտիկների ու քաղաքացիական անձանց մարմինների նույնականացումն իրականացնելու համար ապրիլի 6-ի դրությամբ՝ կատարվել է 3729 փորձաքննություն, որի արդյունքում հաջողվել է իրականացնել միայն 2407 նույնականացում։ Այդ մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։
Գրավոր հարցմամբ ՀՀ առողջապահության նախարարությանը խնդրել էինք տեղեկացնել, թե պատերազմի առաջին օրից առ այսօր զինծառայողի քանի՞ մարմին է դատաբժշկական փորձաքննության ենթարկվել, քանի՞ փորձաքննություն է ընթացքի մեջ, քանի՞ մարմին (մասունք) կա, որ դեռ փորձաքննության չի ենթարկվել եւ կատարված փորձաքննությունների արդյունքում քանի՞ զոհի ինքնություն է պարզվել։
ՀՀ առողջապահության նախարարությունը շրջանցել է դեռեւս փորձաքննության ենթակա մարմինների (մասունքների) թվի հրապարակումը, սակայն հայտնել է, որ ապրիլի 6-ի դրությամբ կատարվել է 3729 զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձի մարմինների ու մասունքների փորձաքննություն, որից 129-ը ընթացքի մեջ են։
«06.04.2021թ. դրությամբ կատարվել է 2407 մարմնի եւ մասունքից վերցված փորձանմուշի նույնականացում»,- հայտնել են ՀՀ ԱՆ-ից։ Նկատի ունենալով, որ եւս 129 փորձաքննություն դեռ ընթացքի մեջ է՝ կարող ենք եզրակացնելով, որ 1193 փորձաքննության արդյունքում նույնականացում չի հաջողվել իրականացնել։
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզում Նիկոլ Փաշինյանը մարտի 20-ին հայտարարել էր, թե զոհվածների պաշտոնապես հաստատված թիվը 3250 է, ևս 189 ծնող, ընտանիք ԴՆԹ նմուշ են հանձնել և սպասում են պատասխանի: Իսկ դրանից երկու ամիս առաջ՝ հունվարին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ դուրս է բերվել 3439 մարմին, որոնցից դեռևս նույնականացված չեն 766-ը։