Ապրիլի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։10-ի սահմանում ԱԻՆ-ի 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ուշիի ոլորաններում, «DAF» մակնիշի բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, այնուհետև բախվել մի քանի ծառերի, արմատախիլ արել և գլխիվայր հայտնվել բնակչի հողամասում, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ մոտ 40 րոպե Աշտարակի հրշեջ-փրկարարները և Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբի ծառայողները որոնել են վարորդին և, ըստ նախնական տեղեկության, արդեն մոտավոր հայտնաբերել են վարորդի դին, ու հիմա Աշտարակի ոստիկանապետի հանձնարարականով դեպքի վայր է բերվում հատուկ վերամբարձ կռունկ, որպեսզի ավտոմեքենան կարողանան բարձրացնել, և դին դուրս բերվի մեքենայի տակից։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
Աղբյուրը նաև հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել «Նատախտարի» լիմոնադով և գարեջրով, որը թափված է ողջ տարածքում, ավտոմեքենան էլ վերածվել է մետաղե ջարդոնի։