Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի սկսել զորքերի հետքաշման գործընթացը: Այս մասին նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Նորք Մարաշի իր աջակիցների հետ հանդիպմանը: Նա անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի շտկման վերաբերյալ իր հայտարարությանն ու դրա արձագանքներին:
«Պատրաստ ենք ցանկացած պահի սկսել զորքերի հետքաշման գործընթացը․ սպասում ենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ն պայմանավորվի Բաքվի հետ: Սպասում ենք ԵԱՀԿ ՄԽ ազդանշանին, թե՝ Բաքուն նույնպես պատրաստ է հետ քաշել զորքերը․ հենց այսօր կարելի է սկսել դեէսկալացիան»,- ասել է նա՝ միաժամանակ նշելով, որ հայկական ԶՈւ-ն պատրաստ է պաշտպանել մեր տարածքը, եթե Բաքվի զորքերը չհամաձայնեն հետ քաշվել:
Փաշինյանի խոսքով՝ եթե ԵԱՀԿ ՄԽ առաջ քաշած 3 բանաձևերով շարժվեն, կնշանակի՝ երկարաժամկետ բանաձև է գործարկվում սահմանային հարցերը ճշտելու համար: Նա պատրաստակամություն է հայտնել լիարժեք ներգրավվել բանակցային գործընթացում՝ ԼՂ հարցը կարգավորելու համար: