Քիչ առաջ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ չի ճանաչում ԿԸՀ կողմից կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը և այն համարում է քաղաքական կողմնակալության դրսևորում։ ԼՈՒՐԵՐ․com-ը մեկնաբանություն ստանալու համար փորձեց կապ հաստատել Տիգրան Արզաքանցյանի հետ, սական վերջինիս հեռախոսին պատասխանած ՀԴԿ մամուլի խոսնակ Տիգրան Հովհաննիսյանը փոխանցեց, որ այս պահին Արզաքանցյանը ձեռնպահ է մնում մեկնաբանություններ տալուց։
«ԿԸՀ-ն պատճառաբանում է, թե վերջին 4 տարիների ընթացքում Տիգրան Արզաքանցյանը չի ապրել Հայաստանում և այդ հիմքով մերժում է նրան գրանցել ցուցակում, բայց կարող էին չգրանցել ավելի վաղ, երբ կուսակցությունը փաստաթղթերը ներկայացրեց գրանցման։ Թողեցին ժամանակ անցնի, ընտրարշավին մասնակցի, նոր են այդ մասին ասում»,- մեզ հետ զրույցում ասաց ՀԴԿ մամուլի խոսնակ Տիգրան Հովհաննիսյանը։
Նրա կարծիքով՝ ընտրարշավի 4-րդ օրը նման հայտարարություն անելու պատճառը բոլորովին այլ է․ «Կուսակցության ընտրարշավի ընթացքում ռեյտինգի բարձրացումը հավանաբար մտավախություն է առաջացրել իշխանությունների մոտ, որ շատ ձայներ կարող ենք հավաքել և անցնել խորհրդարան»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է ԿԸՀ պատճառաբանությանը, թե Տիգրան Արզաքանցյանը չի բնակվել Հայաստանում, որով էլ պայմանավորված է նրան ցուցակում գրանցելու հարցը մերժելը, ապա խոսնակը նշեց, որ իրենց փաստաբանները պատրաստվում են բողոքարկել, իսկ մինչ այդ գործընթացները Արզաքանցյանը շարունակում է ընտրարշավը․ «Վստահ ենք մեր հաղթանակի վրա և կմտնենք խորհրդարան։ Բողոքարկելուց հետո պարզ կլինի պարոն Արզաքանցյանի հետագա քայլերը»,- ասաց նա։
Դիտարկմանը, եթե ԿԸՀ-ն մերժի բողոքարկումը, արդյոք ծախսված գումարների համար Արզաքանցյանը փոխհատուցում պահանջելո՞ւ է, քանի որ ակնհայտ է՝ բավականին մեծ գումարներ են ծախսվել նրա կողմից քարոզարշավի ընթացքում, խոսնակը պատասխանեց․ «Այդ մասին չենք մտածել, հույս ունենք՝ ամեն բան կհարթվի»,- նշեց Տիգրան Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 10-ին, ԿԸՀ-ն մերժեց ՀԴԿ կողմից վարչապետի թեկնածու, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին ընտրական ցուցակում գրանցելու հարցը՝ նշելով, որ վերջինս չի կարողացել ապացուցել, որ վերջին 4 տարիներին մշտապես բնակվել է Հայաստանում։ ԿԸՀ-ի հաշվարկներով՝ նա Հայաստանից բացակայել է փաստաթղթերի ներկայացման օրվան նախորդող 1461 օրից 1005 օրը։
Սոնա Հարությունյան