Կառավարությունը 3 մլրդ 459 մլն դրամ տրամադրեց՝ չինական Sinopharm և գերմանական Pfizer պատվաստանյութերի գնման համար։ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ բնակչության ընդհանուր թվում պատվաստանյութ ստացողների տեսակարար կշիռը կավելանա ևս 10%-ով (500000 դեղաչափ, 250000 անձ' 2 դեղաչափով):
«Հայաստանում պատվաստումների նկատմամբ ակտիվությունն անընդհատ աճում է. արդեն 163 հազար պատվաստում ենք իրականացրել»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մտահոգություն հայտնեց, որ դանդաղ, բայց հաստատուն քայլերով Հայաստանում կորոնավիրուսի թվերն աճում են։ «Ուշադրություն եմ հրավիրում պատվաստման գործընթացի վրա, մենք պետք է արդյունավետ կերպով շարունակենք իրականացնել պատվաստանյութերի ձեռքբերումը: Մենք այս գործընթացում պետք է շատ ակտիվ համագործակցենք նաև մեր գործընկերների հետ՝ նաև փոխադարձ օգնության և աջակցության ավանդույթները շարունակենք պահպանել», - ասաց նա։
Փաշինյանը հավելեց, որ Վրաստանի հետ բավականին ակտիվ համագործակցության ավանդույթ կա՝ պատվաստանյութերի փոխանակման առումով: «Ուզում եմ գոհունակությամբ նշել և շնորհակալություն հայտնել Վրաստանի կառավարությանը, որ որոշում են կայացրել 50 հազար դեղաչափ պատվաստանյութ նվիրաբերել Հայաստանին: Այսինքն, երբ իրենք ունեն հնարավորություն պատվաստանյութ փոխանցել մեզ, այդ որոշումը կայացվում է»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ երբ Հայաստանը կունենա նման հնարավորություն, նմանատիպ փոխադարձ որոշում կկայացվի:
Իր հերթին Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ Լիտվայի կառավարությունն էլ հաստատել է Հայաստանին 27 հազար դեղաչափ պատվաստանյութ նվիրաբերելու որոշումը: