Աշխատասենյակները հատկացված են, բայց հարմարություններ չկան: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 2-ին, նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի օրը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Արթուր Վանեցյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում ԱԺ առաջին աշխատանքային օրը, նա պատասխանեց. «Օրակարգը սահմանված է օրենքով: Կմասնակցենք այդ քննարկումներին՝ կախված, թե ինչպիսին կլինի իրավիճակը, մենք էլ համապատասխան վերաբերումք ցույց կտանք: Ամեն ինչ կախված է դահլիճում տեղի ունեցող իրադարձություններից»:
Հարցին, թե իր ընկեր կամ նախկին ընկեր Ալեն Սիմոնյանին պատրա՞ստ է ընտրել ԱԺ նախագահ, Վանեցյանը պատասխանեց. «Քաղաքականության մեջ ընկեր կամ նախկին ընկեր կամ բարեկամ, հարազատ ես չունեմ: Կա քաղաքական թիմ և կայացվում են քաղաքական որոշումներ: Ինչպիսի որոշում կկայացվի քաղաքական թիմի կողմից, ես կառաջնորդվեմ այդ որոշմամբ»: