Ես դեռ գյուղ չեմ հասել, բայց ծուխը տեսնում եմ, սաղ սարերը նորից հրդեհել են: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց Կութ համայնքի ղեկավարը՝ Սիմա Չիտչյանը:
«Այս պահին չեմ կարող ասել, թե հստակ որքան հատվածն է այրվում, բայց ծուխը աշխարհ է բռնել, շատ ուժեղ ծուխ է»,- նշեց նա:
Նա նշեց, որ այդ հրդեհը ևս ադրբեջանցի զինվորներն են դիտավորյալ արել. «Թուրք շունն ա նորից վառել, ուրիշ ո՞վ պիտի վառեր: Իրենք վառում են մենք էլ մարում ենք»,- նշեց համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ այլևս չի կարող խոսել, քանի որ պետք է հրշեջների կանչ գրանցի:
Զրուցեցինք նաև Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ, որն ասաց՝ հրդեհի տարածքում է. «Փորձում ենք մարել կրակը, ուղղակի խնդիրն այն է, որ տարբեր օջախներ են, միայն մեկ տեղ չի այրվում, որը որ փոքր օջախ է՝ հեշտությամբ մարում ենք հրդեհը»,- նշեց համայնքի ղեկավարը:
Մեր այն հարցին, թե հրդեհի մարման աշխատանքների ժամանակ, ադրբեջանցիները ինչ վարքագիծ են դրսևորում, պատասխանեց. «Այդ ժամանակ նրանք կրակում են, որն արդեն ինքնին վտանգ է ներկայացնում, բայց մարդիկ իրենց գործը շարունակում են, այսպես ասած մարդիկ «գյուլի բերան» աշխատում են»,- նշեց Հակոբ Ավետյանը:
Նա նշեց, որ այս վերջին դեպքերի հետևանքով բնակչությունը շատ ընկճված է. «Հերիք չէ հիասթափություն կար բնակչության մոտ, հոգեբանական վատ վիճակ, հիմա էլ իրենց արոտավայրերն ու խոտհարքերը վառվեցին, խնդիրները կրկնապատկվեցին»,- ընդգծեց նա:
Մեր այն հարցին, թե արդյոք բանակցություններ տարվում են ադրբեջանական կողմի հետ, ասաց, որ ինքը բանակցող կողմ չէ. «Իսկ թե Կառավարությունը ինչ է անում, չեմ կարող ասել»,- ասաց Հակոբ Ավետյանը:
Զվարթ Պետրոսյան