Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 20:40-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի և դաստակի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը: Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ այդ պահին բացատրություն տալու: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Ավանի ոստիկանները պարզել են՝ հիվանդանոց տեղափոխվածը՝ Երևանի բնակիչ, 20-ամյա Արման Թ.-ն է, ով դանակահարվել է Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գործող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում:
Ոստիկանությունը պարզում է՝ դեպքը տեղի է ունեցել նշված ռեստորանային համալիրի ներսո՞ւմ, թե՞ բակային հատվածում: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: