Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 18:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանից դեպի Քանաքեռավան տանող Կորեայի ձորի ոլորանապտույտ հատվածում ավտոմեքենան ընկել է ձորը:
Ժամանել է ԱԻՆ փրկարար ծառայության ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Nissan Versa-ով մոտ 150 մետր ձորը գլորված մեքենայի վարորդ ներկայացած, 30-ամյա Գրիգոր Սարգսյանին: Վերջինս բժիշկների կողմից բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ իրեն լավ է զգում:
Հրշեջ-փրկարարները, մեծ դժվարությամբ իջնելով ավտոմեքենայի մոտ, փակել են գազաբալոնի փականն ու հոսանքազրկել այն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: