ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հրապարակում իր ելույթում ասաց․
«Ի՞նչ կտեսնենք մենք, եթե հետ նայենք մենք մեր անկախ պետության 30-ամյա պատմությանը։ Կտեսնենք հաջողություններ և անհաջողություններ։ Կտեսնենք հաղթանակներ ու պարտություններ, կտեսնենք արցունքներ ու բերկրանք, կտեսնենք ոգեշնչում ու հիասթափություն, կտեսնենք հիացմունք ու հուսահատություն, կտեսնենք պատերազմներ՝ պատերազմում կրած հաղթանակ և պատերազմում կրած պարտություն։
2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանրությունը կախված է այս հրապարակի վրա։ Եվ թերևս այս հանգամանքն է այն ճամփաբաժանի սիմվոլը, որի մասին խոսում է մեծն Թումանյանը։
Ինչպե՞ս ապրել այս աղետից հետո, ինչպե՞ս նայել զոհվածների երեխաների, այրիների, հայրերի և մայրերի աչքերին, ինչպե՞ս անել, որ նրանց զոհողությունն անիմաստ չդիտարկվի։ Այս բանաձևումն է թերևս մեր ամենամեծ խնիրը՝ ձևակերպել մեր կյանքի և ապագայի ուղենիշը՝ 30-ամյա անկախության այս հանգրվանում, անկախ պետության ապագա տասնամյակների համար, իմ պատկերացրած ձևակերպումն այսպիսին է՝ պատմությունը ցույց է տվել, ապացուցել է, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ, որ դարձել է հաղթանակ, նույնկերպ և պարտությունը պատերազմում միշտ չէ, որ դարձել է պարտություն։
Մենք մեր պարտությունը պիտի փոխակերպենք հաղթանակի, բայց պիտի փոխակերպենք նաև հաղթանակի մեր բանաձևը, որովհետև պատմությունը դա է ցույց տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին։ Հաղթել նշանակում է հաղթել հուսահատությանը, հաղթել անելանելիությանը, հաղթել ճակատագրին, հաղթել մահվանը։ Իսկ ու՞ր մնացին նահատակները․ նրանք ընկան, որ Հայաստանը ապրի, նրանք ընկան, որ Արցախն ապրի։ Եվ քանի ապրում է Հայաստանը, քանի ապրում է Արցախը, նրանք կենդանի են»։