168.am-ը գրել էր, որ սեպտեմբերի 23-ին Անկարայից Երևան չարտերային թռիչք է իրականացվել: Այսինքն, թուրքական մասնավոր ինքնաթիռ է Երևան վայրէջք կատարել:
Կայքը փորձելէ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից (ՔԱԿ) ճշտել՝ թուրքական ի՞նչ մասնավոր ինքնաթիռ է չարտերային թռիչք կատարել դեպի Երևան և ի՞նչ նպատակով:
Կոմիտեից մեզ առաջարկել էին հարցը գրավոր ուղարկել, ինչը և արվել էր:
Մեկ շաբաթ անց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից ստացվել է հարցադրման պատասխանը, ուղարկված գրության մեջ ասվում է.
«Ի պատասխան 2021 թվականի սեպտեմբերի 24-ի Ձեր հարցմանը՝ հայտնում ենք, որ ս.թ. սեպտեմբերի 23-ին թուրքական «VIZYON HAVACILIK» ավիաընկերության կողմից CESSNA CITATION XLS տիպի օդանավով իրականացվել է Անկարա-Երևան-Բոդրում ուղղությամբ բիզնես չարտերային չվերթ:
Տեղեկացնում ենք նաև, որ սույն չվերթով դեպի Երևան ուղևոր չի փոխադրվել, իսկ Երևանից փոխադրվել է երկու օտարերկրյա քաղաքացի»:
Թուրքիայից Հայաստան մեր օդային սահմանը բաց է, և թուրքական մասնավոր ինքնաթիռների չարտերային թռիչքներ դեպի Հայաստան կարող են իրականացվել:
Իսկ թե այդ բիզնես չարտերային չվերթը որևէ կապ ունի՞ ՀՀ-Թուրքիա «ներդրումային» հարաբերությունների ձևավորման կամ Փաշինյանի կողմից նշմարվող թուրքական ազդակների հետ, ժամանակը ցույց կտա: