Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մերժում է ադրբեջանա-իրանական պետական սահմանին Իսրայելի ներկայության մասին իրանցի պաշտոնյաների մեղադրանքները և սպառնացել «անպատասխան չթողնել»:
«Ցավոք, իրանցի պաշտոնյաները սկսել են մեր հասցեին անհիմն մեղադրանքներ ներկայացնել: Իբր Ադրբեջանը Իսրայելին բերել է այս տարածաշրջան: Թող նրանք բացեն իրենց աչքերը և տեսնեն: Որտե՞ղ են նրանք տեսել Իսրայելին այստեղ: Այստեղ ոչ մի մարդ չկա: Այստեղ նույնիսկ շենք չկա», - երկուշաբթի ասել է Ալիևը՝ Իրանին սահմանակից Ջրականում տեղի ունեցած հանրային հանդիպման ժամանակ:
Պետության ղեկավարն ասել է, որ մերժում է Թեհրանի այս բոլոր հայտարարությունները և պահանջում ապացույցներ ներկայացնել: «Կա՞ ապացույց: Ոչ: Եթե ապացույցներ չկան, բոլորը պետք է պատասխան տան իրենց ասածների համար: Մենք չենք կարող թույլ տալ որևէ մեկին անհիմն զրպարտել մեզ», - ասել է Ադրբեջանի նախագահը:
«Մենք լավ մտադրություններ ունենք: Բայց դա չի նշանակում, որ մենք մեր դեմ հնչած անհիմն մեղադրանքները կընդունենք: Ես սա ասում եմ այստեղ՝ Ջրականում, այստեղ' Արաքս գետի ափին, ադրբեջանցի ժողովրդին և ամբողջ աշխարհին, մեր հասցեին անհիմն մեղադրանքները անպատասխան չեն մնա», - սպառնացել է Ալիևը: