Հոկտեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, դանիականը՝ երկրի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ, քաղաքական տնօրեն Քրիստինա Մարկուս Լասսենը, տեղեկացնում է ԱԳՆ կայքը։
Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-դանիական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արժևորելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական հարաբերությունները։ Անդրադարձ կատարվեց տնտեսական կապերին՝ ուրվագծելով դրանց ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։
Կողմերն անդրադարձան Հայաստանի և Դանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումների շրջանակին։ Խորհրդակցությունների ընթացքում մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և գլոբալ օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
Կողմերը ծանոթացան տարածաշրջանային խնդիրների շուրջ միմյանց դիրքորոշումներին, անդրադարձան նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն ու փոխադարձ աջակցությանը։ Կարևորվեց երկկողմ քաղաքական խորհրդակցությունների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:
Այցի ընթացքում դանիական պատվիրակությանն ընդունեց ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։ Զրույցի ընթացքում հայկական կողմը Դանիայի պետքարտուղարի տեղակալին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը։ Այս համատեքստում կարևորվեց Ղարաբաղյան խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
Այցի շրջանակներում դանիական պատվիրակությունը ծաղկեպսակ զետեղեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։