ՀՀ ԱԳ նախարարությունում տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լատվիայի արտաքին գործերի նախարարությունների միջև:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը, լատվիական կողմից' ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ, քաղաքական հարցերով տնօրեն Էդուարդս Ստիպրայսը:
Հայ և լատվիացի դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Կարևորվել է հայ-լատվիական քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական կապերի զարգացումը, քննարկվել են առևտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը:
Կողմերն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների և նախաձեռնությունների շրջանակներում փոխգործակցությանը, մտքեր փոխանակել ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:
Նույն օրը լատվիական պատվիրակությանն ընդունել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Կարեն Նազարյանը և Շավարշ Քոչարյանը: Նշված հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ հարցերի: