Հոկտեմբերի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:10-ի սահմանում Երևանի բնակիչ, 35-ամյա Հրայր Ալեքսանյանը իր վարած «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեպի Աշտարակ ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում, գրում է shamshyan.com-ը։
Ըստ վթարի՝ վթարի հետևանքով վարոդ Հ. Ալեքսանյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Օպերատիվ է գործել նաև Եղվարդի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը: Դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: