Երեկ՝ նոյեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 37-ամյա Մարտին Թ․-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայից դեպի «Հաղթանակ» կամուրջ տանող թունելի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Մարտին Թ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը տեղում հրաժարվել է սթափություն հանձնելուց։ Ու քանի որ կան կասկածներ, որ նա եղել է ոչ սթափ, քննիչի որոշմամբ նրանից վերցվել է արյան փորձանմուշ։