Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը հայտարարել է, որ մոտակա ժամանակաշրջանում Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը որակապես նոր մակարդակի կհասնի: Այս մասին նա լրագրողներին ասել է ուրբաթօրյա աղոթքից հետո:
«Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերն ամրապնդվում են ԱՄՆ գլխավորած կոալիցիոն ուժերի աջակցությամբ: Մոտակա ժամանակաշրջանում նրանց դեմ մեր պայքարը կշարունակվի որակապես նոր մակարդակում: Մենք պայքարելու ենք ինչպես ահաբեկչական կազմակերպությունների դեմ, որոնց աջակցում է ԱՄՆ-ն, այնպես էլ ռեժիմի [Սիրիայի նախագահ Բաշար Ասադի] ուժերի դեմ: Մենք վճռական ենք տրամադրված այս հարցում», - նշել է Էրդողանը:
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի հարավային սահմանների մոտ Քուրդիստանի բանվորական կուսակցության «ահաբեկիչների» խարդավանքների նկատմամբ Անկարայի համբերությունը սպառվել է:
Նշենք, որ վերջերս Անկարայում շատ ավելի հաճախ են սկսել հնչել հայտարարություններ Սիրիայի հյուսիսում քրդական կազմավորումների «ներկայությանը վերջ տալու» պատրաստակամության մասին: