Թալիշի «Ամենափրկիչ» եկեղեցին աղվանական կարող են ներկայացնել միայն տգետները։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը»:
Թալիշ գյուղը գտնվում է Մարտակերտի շրջանում, 44-օրյա պատերազմի արդյունքում մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Գյուղում և նրա շրջակայքում կատարված հողային և շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերված նյութերը, մասնավորապես քարե գործիքները, քարարկղային թաղումները վկայում են, որ այդ հատվածում մարդն ապրել է հնագույն ժամանակներից: 5-րդ դարում Հոռեկա վանքի շրջակայքում եղած բնակավայրն անվանվել է Թարիջ, 13-րդ դարից գյուղը անվանակոչվել է Հոռեկա:
1822թ. Մելիք-Բեգլարյան Թալիշ բեկի անունից գյուղը վերանվանվել է Թալիշ: Այդ ժամանակահատվածում Մեսրոպ Թաղիադյանցը այդ գյուղն անվանել է Դիզա: Հարմարավետ և ռազմավարական նշանակություն ունեցող դիրքը նպաստել է, որ բնակավայրը դառնա Գյուլիստանի մելիքության վարչական կենտրոնը:
Թալիշի գյուղամիջի «Ամենափրկիչ» եկեղեցու կառուցումը ավարտվել է 1894 թվականին: Ըստ Մակար Բարխուդարյանցի, կառուցվել է հասարակության ծախսերով: Հուշարձանն աչքի է ընկնում բացառիկ մեծ չափերով, ընդարձակ սրահով եռանավ բազիլիկա: Կառուցված է տեղական սրբատաշ ու կոպտատաշ դարչնագույն քարերով: Ներքուստ ամբողջովին սրբատաշ է, թաղակապ, ծածկը թիթեղաշեն:
Հյուսիսային պատի արևմտյան մասում ներկառուցված է մկրտության ավազանը: Հուշարձանի չափերն են՝ 21.75 մետր երկարություն և 13.1 մետր լայնություն: Ըստ Բարխուդարյանցի եկեղեցին ունեցել է երկու մուտք, որոնք բացվում էին հյուսիսային և հարավային կողմերից։ Ավելի ուշ հարավային դուռը փակվել է։ Եկեղեցին ունի 9 լուսամուտներ, արևելքից՝ 3, արևմտյան կողմից՝ 1, հյուսիսից՝ 2, հարավից 3:
Եկեղեցու պատերը և տանիքը քանդվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիների ռmբակոծությունից, որը վերականգնվել է 1998 թվականին:
«Թալիշի 19-րդ դարում կառուցված «Ամենափրկիչ» եկեղեցին աղվանական կարող են ներկայացնել միայն տգետները, որոնք տարրական գիտելիքներ իսկ չունեն պատմական իրադարձություններից, բայց սրանով չի սահմանափակվում Ալիև կրտսերի մտքի ճամարտակումը, նա Թալիշի մշակույթի տունը, որի կառուցումը սկսվել է 1957 թվականին և ավարտվել 1959 թվականին վերջերս կատարած այցելության ժամանակ, ինչ -ինչ նպատակներով ներկայացրել է որպես ռուսական ուղղափառ եկեղեցի, մինչդեռ Թալիշում երբևե ռուսական եկեղեցի չի եղել:
Այն եղել է 280 տեղանոց ակումբ, որտեղ ամեն օր ցուցադրվել են ֆիլմեր, հաճախ էլ կազմակերպվել են համերգներ և թատերական միջոցառումներ: Ակումբը եղել է սարքին վիճակում և քարուքանդ է արվել գյուղը բռնազավթելուց հետո:
Միգուցե Ալիևը քաջություն ունենար ցուցադրել, թե ինչպես են հիմնահատակ քանդել Հայրենական պատերազմի և Արցախյան գոյամարտում զոհված հերոսների հիշատակին կառուցված հուշարձանը»,- նշում են Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն»-ից: