«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այսօր խորհրդարանում տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ, որի ժամանակ կհաստատվի հոկտեմբերի 25-ին մեկնարկող նստաշրջանի օրակարգը: Առաջին հարցը, որը հաստատվելու է, Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին նախագիծն է, որը պետք է քննարկվի նաեւ հանձնաժողովների նիստերում: ԱԺ խորհուրդը պետք է հավանության արժանացնի նաեւ կառավարության կողմից ներկայացված «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցը:

Ըստ այդ փոփոխության՝ սահմանվում է, որ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Ընդհանուր առմամբ, այս նստաշրջանում լինելու է 14 հարց:

Բացի օրակարգը հաստատելուց, ԱԺ խորհուրդը հաստատելու է նաեւ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործունեության կոմիտեում (տասը անդամներից չորսը՝ ընդդիմադիր), Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ԽՎ-ում (վեց անդամներից երկուսը՝ ընդդիմադիր ), Միջխորհրդարանական միությունում (ութից երեքը՝ ընդդիմադիր), Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում (հինգից մեկը՝ ընդդիմադիր) եւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում (տասից երեքը՝ ընդդիմադիր) ՀՀ ԱԺ-ի պատվիրակության կազմերը»: