ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի մոտակայքում գտնվող Lone Star քոլեջի տարածքում այսօր անհայտ մարդիկ հարձակում են կազմակերպել, որի ընթացքում տուժել է առնվազն 15 մարդ, որոնցից 12-ը տեղափոխվել են հիվանդանոց, գրում է Риа Новости-ն՝ հղում կատարելով Fox News-ին:
Հանցագործության հետևանքով տուժածներից 2-ը գտնվում են ծանր վիճակում, հայտնում է USA Today-ը:
Տեղական Click 2 կայքը՝ հղում կատարելով տեղական իշխանություններին և ականատեսներին, գրում է, որ ուսանողներից մեկը դանակահարել է քոլեջի տարածքում գտնվող մարդկանց:
Ոստիկանությունը ձերբակալել է հարձակման մեջ կասկածվողին: Քոլեջի կայքում տեղադրված է զգուշացում այն մասին, որ կասկածյալներից մեկը գտնվում է ազատության մեջ, ինչի համար ուսումնական հաստատության ադմինիստրացիան խորհուրդ է տալիս մոտակա օրերս «հեռու մնալ» քոլեջի տարածքից:
Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության մի քանի հաշվարկներ և բժշկական ծառայության 1 ուղղաթիռ: