Երեւան-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած եւս մեկ կին է այսօր հիվանդանոցում մահացել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանը։
Նա նշեց, որ մահացածը 35 տարեկան էր, ուներ բազմաթիվ կոտրվածքներ կոնքի հատվածում, ողնաշարի հատվածում, բոլոր կողերի կոտրվածքներ, թոքերի սալջարդ, գանգուղեղի տրավմա:
Նշենք, որ այս պահին «Արմենիա» բժշկական կենտրոնում այդ վթարից տուժած 8 քաղաքացի է բուժում ստանում, որոնցից 1-ը վերակենդանացման բաժանմունքում է, նրա վիճակը ծանր է, բայց կայուն, մնացածի վիճակը միջին ծանրության է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի հատվածում «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս է բերել ճանապարհի երթեւեկելի գոտուց աջ եւ կողաշրջվել։ Վարորդը տեղում մահացել է։ Այդ վթարի հետեւանքով մահացել է 5 քաղաքացի, 17-ը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված կանոնները խախտելու եւ լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելու հատկանիշներով։ Ըստ Քննչական կոմիտեի՝ այդ ճանապարհահատվածի շրջադարձային հատվածում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում չեն ապահովվել անվտանգության կանոնները։