Գյումրու «Յոթ Վերք» եկեղեցում, նոյեմբերի 13-ին, երեկոյան ժամերգությունից հետո, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ և տեր Փավստոս քահանա Սարգսյանի ձեռամբ, տեղի ունեցավ հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ նոյեմբերի 10-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական պատահարի զոհերի:
Պատարագի մասնակիցները միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված՝ մահացածների հոգիների հանգստության, փրկության ու խաղաղության, երկնքի արքայությունում տեղ գտնելու, ինչպես նաև վիրավորների ապաքինման համար:
«Մենք նաև մեր աղոթքներում հիշում ենք նրանց հարազատներին, մեր զորակցությունն ու մխիթարությունն ենք հայտնում, իսկ հիվանդներին՝ շուտափույթ ապաքինում ենք մաղթում: Աստծո օրհնությունն ու օգնակությունը նրանց, իսկ ողորմածությունն ու գթասրտությունը նաև ննջեցյալների հոգիների խաղաղության համար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց տեր Փավստոս քահանա Սարգսյանը:
Նախաձեռնությունը «Սուրբ Աստվածածին Յոթ Վերք» եկեղեցասեր երիտասարդաց միությանն էր: «Մենք, որպես քրիստոնյա, երբեմն մտածում ենք աշխարհիկ կյանքում մարդկանց օգնելու մասին, բայց երբեմն նաև մոռանում ենք, որ հավիտենական կյանքում հոգին անմահ է և նորից օգնության կարիքն ունի, իսկ ննջեցյալի համար ամենամեծ օգուտն աղոթքն է, և սա մեր փոքրիկ օգնությունն է այդ մարդկանց համար:
Մենք նաև մեր աղոթքով առ Աստված խնդրում ենք, որ նման չարիքները, դժբախտ պատահարները մեր կյանքում քիչ լինեն»,- նշեց նախաձեռնության հեղինակներից Կարեն Պետրոսյանը:
Արմենուհի Մխոյան