ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցել է Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից զոհված քաղաքացիների հարազատներին, բարեկամներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հովիկ Աբրահամյանը նշել է.
«Կառավարության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված քաղաքացիների հարազատներին, բարեկամներին և նրանց հետ միասին կիսում ծանր վիշտը:
Կառավարությունը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր ողբերգական դեպքի հետ կապված անաչառ քննություն իրականացնելու համար: Վստահեցնում եմ, որ վիրավորների ապաքինման ընթացքը լինելու է մեր ուշադրության կենտրոնում:
Եվս մեկ անգամ ցավակցում եմ զոհվածների հարազատներին և արագ ապաքինում մաղթում վիրավորներին»: