ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենքում ֆիքսել, որ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են կառավարության սահմանած կարգով: «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
«Նախագծով առաջարկվում է նախատեսել, որ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Նախագծի ներկայացման համար հիմք է հանդիսացել օրենքի 29-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» կետը, ըստ որի հակաօդային պաշտպանության զորքերն իրավասու են ՀՀ անվտանգությանը սպառնալու դեպքում կամ ՀՀ նկատմամբ թշնամական որևէ գործողություն կատարելիս ուղեկցել և ստիպել օդանավին կամ այլ թռչող սարքին վայրէջք կատարել օդանավակայաններում կամ համապատասխան այլ տարածքում: Իսկ եթե օդանավը կամ այլ թռչող սարքը շարունակում է նշված գործողությունները, հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները ոչնչացնում են նշված օդանավը կամ այլ թռչող սարքը»,- ասաց Սարգսյանը:
Լրացման արդյունքում նախատեսվում է կառավարության համապատասխան որոշմամբ կանոնակարգել օդային տարածքում ՀՀ պետական սահմանը պահպանելիս և ՀՀ պետական սահմանի օդային տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման համար հակաօդային պաշտպանության և ռազմական ավիացիայի ուժերի կողմից զենքի և մարտական տեխնիկայի կիրառման ընթացակարգը, դրանց կիրառման վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը: