Այսօր հայտնի դարձավ, որ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել Պաշտպանության նախարար։ Թե որն է այս հապճեպ փոփոխությունների պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն նկատենք, որ դեռ նոյեմբերի 11-ին Պապիկյանը հայտարարում էր, որ ինքը շրջում է Սյունիքի խնդրահարույց համայնքներուվ և խոստանում այնտեղից չհեռանալ մինչև անվտանգային խնդիրների լուծումներ չնշմարվեն։ Հարցերի պատասխանները ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց ստանալ Սուրեն Պապիկյանից, սակայն լսելով, որ լրագրող է զանգահարել հաջողություն մաղթեց և անմիջապես անջատեց հեռախոսը՝ խուսափելով հանրությանը հետաքրքրող բազմաթիվ հարցերից։
Այսպիսով, մեզ չհաջողվեց պարզել, թե, օրինակ, ինչ անվտանգային խնդիր է հասցրել լուծել Սյունիքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօրվանից թշնամին մաքսակետ է տեղադրել Կապան-Ճակատեն ճանապարհին ու շրջափակման մեջ թողել մի շարք գյուղեր։
Ի դեպ, հետաքրքիր բայց միևնույն ժամանակ ցավոտ նախապատմություն ունի մաքսակետի տեղադրման պատմությունը։ Բանն այն է, որ Հանրային Հեռուստաընկերությունը ռեպորտաժ էր պատրաստել Ճակատենից՝ ցույց տալով, թե անվտանգ է և նկարահանող խումբն առանց խոչընդոտների է հասել այնտեղ։ Սակայն Հ1-ի բարի լուրերի կյանքը երկար չտևեց, նոյեմբերի 14-ի ուշ երեկոյան, ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալները պարզ դառնալուց հետո, ԱԱԾ-ն հայտարարեց մաքսակետի տեղադրման մասին և գլուխ գովաց հայելային էֆեկտով հայկական կողմի մաքսակետի տեղադրման հարցով։
Նախ կասկածելի էր հաղորդագրության տարածման դանդաղկոտությունը, կարելի է ենթադրել, որ այն ավելի վաղ տարածելու դեպքում կազդեր ընտրությունների արդյունքների վրա և այդ էր պատճառը, որ հնարավորինս ձգձգվեց։ Ստացվում է՝ իշխանությունները խնամքով թաքցնում էին սահմանային իրադրության մասին տեղեկություններ հաղորդելը մինչև Կապանում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունների արդյուքներում որոշակիություն կմտցվեր, ապա նաև հայելային էֆեկտի մասին ԱԱԾ-ի թյուրըմբռնումը՝ մենք մեր տարածքում մաքսակետ ենք դրել և խոսում ենք հայելային էֆեկտի մասին, իսկ իրականում հայելային էֆեկտը համարժեք պատասխան է ենթադրում։
ԱԱԾ հաղորդագրության մյուս ցավալի կողմը այլընտրանքային ճանապարհի դեռևս անպատրաստ լինելն է, այսօր դժվարացել է Ճակատեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերդ, Սրաշեն բնակավայրերի կապը Կապանի հետ և երկարել մի քանի անգամ․ 7-8 կմ ճանապարհը դարձել է մոտ 150 կմ։
Այս նշանակումից հետո համացանցում հիշել են, որ դեռևս տարիներ առաջ Պապիկյանը դատապարտված է եղել, ինչը վերջինս անձամբ է հաստատել՝ նշելով միայն, որ դեպքը հայկական բանակում չի եղել, միջադեպն էլ իր ազգային արժանապատվությանը վնաս հասցնելու պատճառով է եղել։
Ինչ վերաբերում է Արշակ Կարապետյանի՝ Պաշտպանության նախարարի պաշտոնից ազատմանը, ապա տեղեկություններ են տարածվել, որ դա պայմանավորված է սահմանային իրավիճակին առնչվող՝ Փաշինյանի ինչ-ինչ հրահանգները չկատարելով։
Սոնա Հարությունյան