«Ակցայի նպատակն է Նիկոլ Փաշինյանից պահանջել հրապարակել և ժողովրդին հասանելի դարձնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատմանը վերաբերող այն փաստաթուղթը, որն իր ասելով ինքը պատրաստ է ստորագրել: Ակցիան ունի խաղաղ բնույթ, ով կխոսի, կխոսի այս բարձրախոսից, այլ կոչեր, այլ հորդորներ սույն ակցիայում նախատեսված չէ». Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, Հանրապետության հրապարակում ազատագրական շարժման հավաքի ժամանակ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
«Նախաձեռնությունը վերկուսակցական է, ազգային բնույթ է կրում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրեն մինչև այս եղել է երեք առաջարկ՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ և վերջերս իրեն փոխանցվել է չորրորդ տարբերակը, որն իր համար ընդունելի է։ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Արցախի հիմնախնդրի, խաղաղության հետ կապված ցանկացած որոշման մասին բացեիբաց իրազեկելու է։ Այսօր այստեղ ենք՝ պահանջելու բացահայտել փաստաթղթի բովանդակությունը»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Քաղաքացիներն ընթերցեցին նաև դիմումը՝ ուղղված ՀՀ կառավարությանը.
«Փաստաթղթի վերաբերյալ ունենք հիմնավոր կասկածներ, որ ՀՀ-ից թշնամուն են զիջվելու կենսական տարածքներ, ռազմավարական կապուղիներ ու բարձունքներ, իսկ Արցախը ճանաչվելու ՝ Ադրբեջանի մաս։ Մեր մտահոգությունները խնդրի կապակցությամբ ավելանում են, քանի որ փաստաթղթի բովանդակության բացահայտմանն ուղղված խորհրդարանական և արտախորհրդարանական նախաձեռնությունները տապալվում են։ ՀՀ տարածքի փոփոխության վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով։ Համաձայն ՀՀ գերագույն գլխավոր խորհրդի՝ ՀՀ համար անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որտեղ Արցախը նշված կլինի Ադրբեջանի ակզմում։ Պահանջում ենք ներկայացնել նշված փաստաթղթի բովանդակությունը»,- նշեց ակցիայի մասնակիցը:
Դիմումը սահմանված կարգով կփոխանցվի կառավարությանը։ Նույն պահանջով քաղաքացիները գնալու են նախագահական և Աժ, վերադառնում են Հանրապետության հրապարակ՝ համահավաքի։