Հակակոռուպցիոն կոմիտեում կարող է քննվել քրեական գործ ամեն ինչի մասին ու ամեն ինչի վերաբերյալ, եթե դրա համար քաղաքական մակարդակում կան ցանկություններ, ու, իհարկե, կան: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ պատասխանելով Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ՀՀ երրորդ նախագահին որպես մեղադրյալ  հարցաքննության կանչելու մասին հարցին։

Փաստաբանն ասաց, որ Սերժ Սարգսյանն այդ քրեական գործով չի հարցաքննվել։

 
 

Ամրամ Մակինյանն ասաց, որ ՀՀ երրորդ նախագահի դեմ վերսկսված արշավը բուն նպատակին չի կարող հասնել. «Հասարակության ուշադրությունը շեղելու համար արվում է ամեն ինչ։ Անհասկանալի, անտրամաբանական, անհեթեթ գործընթացներ են, նույնիսկ ծիծաղելի։ Նման գործերով այլեւս չեն կարող շեղել հասարակության ուշադրությունը»։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանն ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գործին՝ պաշտպանն ասաց, որ պատգամավորի կողմից ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. «Հանրապետության երրորդ նախագահը երբեք չի հերքել իր՝ Բադեն-Բադեն քաղաք գնալու մասին լուրերը։ Իսկ այդ քաղաքում միայն կազինոնե՞ր են։ Բադեն-Բադենն առողջարանային, մշակութային քաղաք է։ Հայաստանի երրորդ նախագահը, օգտվելով իրեն ընձեռված սոցիալական երաշխիքներից, իր արձակուրդն անցկացրել է Բադեն-Բադենում։ Այդ Բադեն-Բադեն ծամոնը պետք է ավարտվի։ Այս հայցը ներկայացնելով՝ որոշել ենք այս հարցին վերջակետ դնել»։