Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնավարման ընթացքում Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաք այցելելու, այդ թռիչքների նպատակն ու պետական միջոցների հնարավոր վատնումը ստուգելու նպատակով հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն։
«Նշված հանգամանքների վերաբերյալ մամուլի հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել էին ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանություն՝ դրանց կապակցությամբ ստուգողական գործողություններ իրականացնելու և ըստ արդյունքների՝ ընթացքը լուծելու նպատակով:
Դրանից հետո ՀՀ գլխավոր դատախազություն նաև այդ հանգամաքնների վերաբերյալ ստացվել է հանցագործության մասին հաղորդում: Վերջինս մեր կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ:
Միաժամանակ, հաշվի առնելով այդ հանգամանքը, Քրեական ոստիկանությունից պահանջվել են իրենց ուղարկված գրությունը հրապարակումների հետ միասին՝ ՀՔԾ ուղարկելու և նախապատրաստվող նյութերի հետ միասին քննության առարկա դարձնելու նպատակով»,- «Լուրերին» հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Ավելի վաղ «Փաստերի ստուգման հարթակը», հղում կատարելով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից ստացած տվյալներին, հայտնել էր՝ Սերժ Սարգսյանը նախագահության տարիներին՝ 2008-2018 թթ., կառավարական օդանավով հաճախակի թռիչքներ է կատարել գերմանական Բադեն-Բադեն/Կարլսռուհե քաղաքներ:
Ըստ ուսումնասիրության՝ Բադեն-Բադեն մեկնելու համար առաջին անգամ պետական օդանավն օգտագործվել է 2008-ի օգոստոսին: