ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, այնուամենայնիվ, հանդիպեց, սակայն ոչ գործող ու առաջին նախագահների հետ, այլ միայն' Արցախի նախագահ Բակո Սահակյանի: Փաստորեն, սխալ էր այն վարկածը, որ Քոչարյանին բնավ չէր հետաքրքրում իրավիճակը սահմանին: Պարզվում է՝ լավ էլ հետաքրքրում ու մտահոգում է, պարզապես խնդիրն այն էր, թե ում հետ պետք էր հանդիպել այդ հարցով, խնդիրը հենց Սերժ Սագսյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի հետ էր կապված, և երկրորդ նախագահը ուղղակի չի ուզում հանդիպել նրանցից ոչ մեկի հետ, կամ էլ հակառակը' Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը Քոչարյանի հետ հանդիպելու որևէ ցանկություն չունեն:

 

Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, թե այստեղ միասնականության հարցն է, թե ներքաղաքականը մի կողմ է դրվում: Մի տեսակ չեմ կարողանում այս ամենը միասնականության նմանեցնել, քանի որ միասնականության դեպքում, ըստ իս, հանդիպումներն ընտրովի չէին լինի: Սա ավելի շուտ ներքաղաքական նոր վերադասավորումների սկիզբն է, նաև Քոչարյան-Տեր-Պետրոսյան ու Քոչարյան-Սարգսյան հակասությունների արդեն գրեթե բացահայտ դրսևորում:

 

Հետաքրքիր է սակայն, որ Ռոբերտ Քոչարյան-Բակո Սահակյան հանդիպման ժամանակ նույնպես կարևորվել է Հայաստանի քաղաքական ուժերի միասնությունը: Փաստորեն, Քոչարյանը երկու տարբեր միասնություններ է ուզում տեսնել մեր քաղաքական դաշտում, և երկրորդը' հենց իր շուրջը:

Կարեն Վարդանյան