ԳԱԼԱ. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի դեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում' պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ:
Հաղորդագրությունում ասվում է, որ վերոնշյալ կազմակերպության կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոնական քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման և դրա հետևանքով պատմամշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացում Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անմիջական ներգրավվածության պարագայում' շահերի բախման և նրա կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ իշխանազանցության դեպքերը բացահայտելու նպատակով:
Հաղորդագրության մեջ ներկայացվում է, որ Ն.Սարգսյանը' որպես Երևանի գլխավոր ճարտարապետ, պաշտոնավարել է 1999-2004թթ և 2011թ-ից մինչ օրս, և նրա օրոք ու անմիջական մասնակցությամբ սկիզբ է դրվել Երևանի կենտրոնի խոշորածավալ կառուցապատմանը, որի շինարարական-նախագծային աշխատանքներում ներգրավված է նրան պատկանող «Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոց» ՍՊԸ-ն, որն էլ նախագծել է Աբովյան փողոցի 3 հասցեում գտնվող Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերակցության (ԱՕԿՍ) շենքի և դրան հարակից տարածքում կառուցվելիք հյուրանոցային համալիրը, ինչը նշանակում է, որ քանդման վտանգի տակ են հիշյալ շենքը և դրան հարակից տարածքը, որոնք ՀՀ կառավարության որոշմամբ համարվում են հանրապետական նշանակության հուշարձաններ:
Կազմակերպությունը նկատում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս 2005թ հայտնաբերել է Երևան քաղաքում հուշարձանների ոչնչացման փաստեր, սակայն մինչ օրս որևէ մեկը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության չի ենթարկվել, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում է պատասխանատվություն' պատմության և մշակույթի հուշարձանները ոչնչացնելու կամ վնասելու համար:
Բացի այդ, 2008-2011թթ Ն.Սարգսյանն, աշխատելով որպես ՀՀ գլխավոր ճարտարապետ, քաղաքաշինության նախարարի տեղակալ, համատեղել է իր պաշտոնն ու բիզնեսը և ներգրավվել արդեն իսկ կառուցված կամ կառուցապատման ընթացքում գտնվող մի քանի շենքերի նախագծային աշխատանքներում: Նույն գործելաոճը շարունակել է 2011թ-ից ի վեր՝ կրկին աշխատելով որպես Երևանի գլխավոր ճարտարապետ:
Հաղորդագրության մեջ ներկայացվում է օրենք այն մասին, որ Երևանի գլխավոր ճարտարապետը հանդիսանում է հանրային ծառայող: Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի՝ «Հանրային ծառայողը և բարձրաստիճան պաշտոնատար անձը չեն կարող անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»:
Ուստի վերոնշյալ փաստերի պարագայում ողջամիտ կասկածներ են ծագել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի կողմից հովանավորչության դրսևորման և պաշտոնի հնարավոր չարաշահումների վերաբերյալ: