Երևանի քաղաքապետարանի հաղորդման հիման վրա՝ գերեզմանաքարերի պղծման դեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից:
«Վերջին շրջանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ գերեզմանատներում որոշ անձանց կողմից պղծվում են գերեզմանաքարերը: Շիրմաքարերին մոմ հալեցնելու դեպքեր են արձանագրվել նաև համայնքային գերեզմանատներում: Նմանատիպ դեպքերը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը դեռ հուլիսի 23-ին դիմել էր ՀՀ ոստիկանություն, որտեղ նյութեր են նախապատրաստվում»,-նշված է հաղորդագրության մեջ:
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների շիրմաքարերն անհայտ անձինք պղծել են. ինչ-որ նյութով շիրմաքարերի նկարների վրա և դրանց շուրջը բծեր են արվել:
Ավելի վաղ նման դեպքեր տեղի էին ունեցել նախ Նուբարաշենի, ապա Չարենցավանի գերեզմանատանը։ Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում դեպքի առթիվ գրառում էր կատարել՝ նշելով, որ այնտեղ հավանաբար, սատանայապաշտական ծեսեր են իրականացրել։