Երևանի Կոնդ թաղամասում այսօր հարձակման է ենթարկվել «Ազատության» թղթակից Սիսակ Գաբրիելյանը: «Ազատության» փոխանցմամբ, ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ թղթակիցը նկատել է, որ ընտրողները, նախքան տեղամաս գնալը, մտնում են «Հանրապետական»-ի պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբ. «Դուրս գալիս նրանցից մի քանիսի ձեռքին մեր թղթակիցը գումար է նկատել, որից հետո ինքը նույնպես մտել է շտաբ:

 

Տեղում գտնվող անձինք, նկատելով լրագրողին, պարզաբանել են, թե ոչ թե ընտրակաշառք են բաժանում, այլ աշխատավարձ: Այդ ժամանակ շտաբում գտնվող մի խումբ անձինք, այդ թվում՝ երիտասարդներ, հարձակվել են լրագրողի վրա, խլել հեռախոսը, սկսվել է քաշքշուկ եւ մեր թղթակիցը աչքի հատվածում թեթեւ վնասվածք է ստացել»,- հայտնում են «Ազատություն» ռադիոկայանից:

 

Ոստիկանությունն արձագանքել է «Ազատության» թղթակցի հետ կատարված միջադեպի մասին հաղորդմանը:

 

«Ըստ համացանցում շրջանառված տեղեկատվության՝ այսօր Կոնդում հարձակման է ենթարկվել «Ազատության» թղթակից Սիսակ Գաբրիելյանը: Նշվածի առնչությամբ, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Կոնդ թաղամասում՝ Ռուսթավելի 15 հասցեի բնակիչները հարձակվել են լրագրողների վրա:

 

Միջադեպով ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է Ոստիկանության հաղորդագրության մեջ: