Հայ հեղափոխական դաշնակցության նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի վրա օրերս կատարված հարձակման դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com—ին հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Դեպքի առթիվ ոստիկանության կենտրոնի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ օրերս Ազատության հրապարակում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիա անող քաղաքացիները հարձակվել էին հրապարակում թոռան հետ զբոսնող դաշնակցական նախկին գործիչ Հրանտ Մարգարյանի վրա:
Նշենք, որ դեպքը դատապարտող հայտարարություն էր տարածել նաև ՀՅԴ Ֆրանսիայի և Արևմտյան Եվրոպայի կենրոնական կոմիտեն․ «ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ ընկեր Հրանտ Մարգարյանի դեմ կատարված փողոցային արարքը ոչ միայն խստիվ դատապարտում ենք, այլև պահանջում ենք իշխանությունից` միջադեպին անմիջապես տալ իրավական գնահատական, և իբրև թե պատահական թվացող արարքի հետևում կանգնող կազմակերպիչներին բացահայտել ու պատժել ըստ օրենքի: Այլապես, հետագա որևէ զարգացման ամբողջ պատասխանատուվությունը կրելու է գործող իշխանությունը»,- ասված էր հայտարարության մեջ: