Ամանորին ընդառաջ` դեկտեմբերի 12-ին` ժամը 10:00-ից մինչեւ 20:00-ն, «Dvin Music Hall»-ում կազմակերպվում է սուրբծննդյան տոնավաճառ, որից ստացված ողջ հասույթը կուղղվի բարեգործության:
«Christmas market»-ը կազմակերպվում է «Ավրորա» հիմնադրամի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ և «Թովմասյան» միջազգային հիմնադրամի գործընկերությամբ:
Այդ օրը գունեղ, ուրախ ու ջերմ մթնոլորտում բազմաթիվ ընկերություններ, հիմնադրամներ և անհատներ ներկայացնելու են իրենց ապրանքանիշներն ու ստեղծած բարիքները:
«Ծրագրից ստացված ողջ հասույթն ուղղելու ենք նմանատիպ ծրագրերի կազմակերպմանն ու իրականացմանը: Բացի բարեգործությունից, այն շատ կարևոր և խթանիչ դեր կարող է ունենալ տնտեսվարողների համար, վաճառք իրականացնել, ծանոթանալ և շփվել այլ ընկերությունների հետ, ստեղծել հարաբերություններ և դառնալ մեծ ու կարևոր միջոցառման մի մասնիկը»,- մեզ հետ զրույցում ասաց «Թովմասյան» միջազգային հիմնադրամի գործառնությունների տնօրեն Նանե Ավետիսյանը:
Ի դեպ, բարեգործական տոնավաճառի մուտքն ազատ է, որտեղ վաճառքի են ներկայացված լինելու գրքեր, խաղալիքներ, հուշանվերներ, բացիկներ, ձեռագործ աշխատանքներ, զարդեր, տոնական ուտեստներ ու ըմպելիքներ: