Ինչպես հայտնել էինք քիչ առաջ, Փարաքարում բնակիչներն ակցիա են իրականացնում, քանի որ համայնքում ընտրվել է երկու համայնքապետ: Նրանք պահանջում են, որ համայնքի ղեկավար դառնա «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը:

Նշենք, որ դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավագանու անդրանիկ նիստից հետո «Դավիթ Մինասյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Դավիթ Մինասյանը և «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը ֆեյսբուքյան իրենց էջերում հայտարարել են, որ ընտրվել են համայնքի ղեկավար:

 
 

Պարզելու՝ ինչպես է այդպիսի բան հնարավոր ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց համայնքապետարանի աշխատակցի հետ, որն ասաց դեռ այս պահին էլ համայնքապետարանի դիմաց հավաքված բնակիչներ կան.

«Նիստի ընթացքում ավագանու 21 անդամները ներկա են եղել: Նիստը վարողը չի ընդունել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածությունները, միայն «Ապրելու երկիր» կուսակցության կողմից առաջադրված համայնքապետի թեկնածու՝ Վոլոդյա Գրիգորյանի թեկնածությունն է վերցրել, քվեարկել են միայն այդ կուսակցության ավագանու անդամները, որից հետո լքել նիստերի դահլիճը: Այնուհետև  նիստը վարող հաջորդ ավագ անդամը շարունակել է այն և արդեն «ավագանու անդամները քվեարկություն են կատարել և 11 կողմ ձայնով ընտրվել է Դավիթ Մինասյանը»,- իրավիճակը ներկայացրեց համայնքապետարանի աշխատակցուհին՝ որևէ այլ մանրամասներ չներկայացնելով:

Հավելենք նաև, որ փորձեցինք կապ հաստատել Փարաքար համայնքի «երկու ղեկավարների» հետ, բայց, այդպես էլ, ապարդյուն:

Զվարթ Պետրոսյան