«Եթե նկատեցիք, մենք կորոնավիրուսի հերթական ալիքն ավելի սահուն կերպով հաղթահարեցինք։ Դա եղավ այն բանի շնորհիվ, որ պատվաստումների որոշակի շեմից հետո մենք զգացինք դրա ազդեցությունն ընդհանուր համաճարակային իրավիճակի վրա». Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երկրորդն, իհարկե, նախորդ շրջանում նաև հիվանդացությունների արդյունքում որոշակի իմունիտետի ձևավորման պրոցես եղավ։ Բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ հաջորդ ալիքն անխուսափելիորեն գալու է։ Դա կլինի հունվարի կեսին, թե փետրվարի սկզբին, էական չէ։ Մեր խնդիրն է պատվաստումները շարունակել այնպես, ինչպես դա անում էինք այն ժամանակ, երբ մեր օրական թվերը 1500-ի էր հասնում, մահվան 70 դեպք էինք ունենում։ Պետք չէ, որ դանակը ոսկորին հասնի, որ տեղից շարժվենք»։
Վարչապետը նշեց, որ շատ կարևոր է այս հանդարտ փուլում հետևողականորեն շարունակվեն պատվաստումները․
«Ես՝ ինքս, երրորդ դեղաչափ պատվաստումն ընդունել եմ։ Բոլորին խորհուրդ եմ տալիս ու կոչ եմ անում։ Այսօր երկրներ կան, որ քննարկում են 4-րդ դեղաչափ պատվաստանյութի մասին։ Մենք պետք է այս ուղղությամբ շարունակենք, որպեսզի կորոնավիրուսի նոր ալիքները մեր հանրային, սոցիալտնտեսական կյանքի վրա որևէ ազդեցություն չունենան»,- ասաց Փաշինյանը:
«Այս պահին պատվաստանյութերի պակաս չկա, ավելին՝ այսօր գումար է հատկացվել, որպեսզի ձեռք բերվի Pfizer-ի առաջին խմբաքանակը»,-հավելեց Փաշինյանը։
ՀՀ ԱՆ նախարարը հաստատեց.
«Պատվաստանյութերի մասով խնդիրներ չկան։ Կառավարությունը գումար է հատկացրել 200 հազար դեղաչափ Pfizer ձեռք բերելու համար։ Բացի դրանից, ակնկալիք կա, որ նաև նվեր խմբաքանակ կլինի»։