Հայաստանի թափանցիկ աշխատող կառավարությունը ցանկանում է 2022 թվականից փակել մեկ անձից գնումների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը' թերևս չցանկանալով հանրության քննադատությանն արժանանալ առանց մրցույթի և կոռուպցիոն ռիսկեր պարունակող բազմամիլիոնանոց գնումների համար:
Ամփոփելով անցնող 2021-ը, քանի դեռ կա նման հնարավորություն, ի մի ենք բերել այս տարի մեկ անձից ամենամեծ գնումներ կատարած գերատեսչությունները:
Դիցուք՝ առողջապահության նախարարությունը, որը ղեկավարում է Անահիտ Ավանեսյանը, 941,908,116 դրամի հիվանդանոցային ծառայություններ է գնել «ԻՆԳՈԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ից: 1,087,886,20 դրամի ամբուլատոր - բժշկական ծառայություններ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից:
էկոնոմիկայի նախարարությունը ի դեմս Վահան Քերոբյանի «Շարմ Հոլդինգ»-ից գնել է 180,073,272 դրամի ՝ Դուբայ-ԷՔՍՊՈ 2020 ցուցահանդեսի կազմակերպման ծառայություններ, 65,316,550 դրամի սննդի մատուցման ծառայություն՝ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ից:
Սյունիքի համայնքապետարանը ի դեմս Մելիքսեթ Պողոսյանի 63,464,280 և 71,877,380 դրամի մասնակի վերանորոգման աշխատանքների կատարման ծառայություն է գնել «Բիլդէքսպերտ» ՍՊԸ-ից:
ՏՄՊՊՀ-ն' ի դեմս Գեղամ Գևորգյանի, 44,527,776 դրամի ոչ բնակելի անշարժ գույք է վարձակալել «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ից:
Տավուշի մարզպետարանը' ի դեմս Հայկ Ղալումյանի, 29,450,900 դրամի Չինարիի տան վերանորոգման ծառայություն է գնել «ՕՍՏ-ՇԻՆ» ՍՊԸ-ից:
ՊԵԿ-ը' ի դեմս Ռուստամ Բադասյանի, 11,918,000 դրամի անշարժ գույք է ձեռք բերել Գագիկ Աղասու Կարապետյանից և 2,460,000 դրամի ախտահանիչ նյութ' «Լեո Ֆարմ» ՍՊԸ-ից:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 7,000,000 դրամի ծրագրային ապահովման ծառայություն է գնել «ՎԻ ԻՔՍ ՍՈՖԹ» ՍՊԸ-ից:
Կադաստրի կոմիտեն' ի դեմս Գարիկ Սարգսյանի, 5,550,000 և 3,290,000 դրամի համակարգչային սարքավորում է գնել համապատասխանաբար՝ «ԷՔՍՊՐԵՍ ՍԵՐՎ» և Գարիկ Վարդանյան Յուրիկի ԱՁ-ից:
Բնապահպանության նախարարությունը' ի դեմս Ռոմանոս Պետրոսյանի, 2,143,200 դրամի Հաշվապահական համակարգչային ծրագրային փաթեթներ է գնել «Հայկական Ծրագրեր» ՍՊԸ-ից:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ի դեմս Գարեգին Բաղրամյանի 1,152,000 դրամի ծրագրային ապահովման սպասարկման ծառայություն է գնել -Վի Իքս Սոֆթ - ՍՊԸ-ից:
Ինչպես տեսնում ենք՝ ՀՀ պետական կառույցները չեն դավաճանում ավանդույթին, այն է առանց մրցույթների մեկ անձից կատարվող գնումներին, իսկ հաջորդ տարվանից այս տեղեկատվությունը փակվում է հպարտ քաղաքացիների համար, որպեսզի վերջիններս լիովին վայելեն կառավարության որդեգրած թափանցիկ աշխատանքի և հաշվետվողականության պտուղները...