Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Instagram-ի ուղիղ եթերում ասել է, որ ինքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր մարդկանցից չէ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Ես հարաբերություններ ունեմ երկրի ղեկավարության հետ՝ որպես շրջանի ղեկավար։ Ես նույնիսկ նախագահի ու վարչապետի մերձավոր շրջապատին չեմ պատկանում: Այո, կապեր ես ունեմ։ Կարծում եմ, որ ինձ հանդուրժում են, ներում և աջակցում Ախմաթ-Խաջիի և Վլադիմիր Պուտինի նախկին բարեկամական հարաբերությունների շնորհիվ»,- ասել է Չեչնիայի ղեկավարը։
Կադիրովը նշել է, որ իր կողմից արված արտաքին քաղաքական հայտարարություններն իր նախաձեռնությունն են։ Նա ընդգծել է, որ կապի մեջ է դաշնային իշխանությունների հետ՝ «նախագահից մինչև նախարարներ և վարչակազմ»՝ որպես շրջանի ղեկավար։ Նրա խոսքով՝ ինքը երբեմն զանգահարում է Պուտինին, սակայն պետության ղեկավարը կապի մեջ է բոլոր սուբյեկտների ղեկավարների հետ։