Երեկ Մոսկվայի տանը ԲՀԿ-ն նախընտրական հանդիպում էր կազմակերպել Կենտրոն համայնքի ընտրողների հետ: Հետաքրքիր էր բեմում նստած ԲՀԿ-ականների կազմը: Նրանք չորսն էին' ԱԺ պատգամավորներ Գուրգեն Արսենյան, Նաիրա Զոհրաբյան, Տիգրան Ուրիխանյան և Ստեփան Մարգարյան: Ինչպես տեսնում եք, վերոնշյալ անձանցից միայն Գուրգեն Արսենյանն է, որ ընդգրկված է ԲՀԿ համամասնական ցուցակում: Ինչո՞ւ նախընտրական հանդիպմանը չէին մասնակցում Երևանի ավագանու ընտրությունների ԲՀԿ-ական ցուցակի մյուս անդամները, անհասկանալի էր:
Մյուս կարևոր արձանագրումը, որ կարելի էր անել այս հանդիպումից, այն է, որ ԲՀԿ-ի Երևանի քաղաքապետի թեկնածուն ոչ թե Վարդան Օսկանյանն է, ով ցուցակի առաջին համարն է, այլ հենց Գուրգեն Արսենյանը, ով ցուցակի երկրորդ համարն է: Եվ դա ոչ թե այն պատճառով, որ հանդիպմանը Վարդան Օսկանյանը չէր մասնակցում: Դա կարելի էր համարել պատահականության արդյունք, կամ ասել, որ Վարդան Օսկանյանն էլ հանդիպում ունի Դավիթաշենում: Հանդիպման ժամանակ Գուրգեն Արսենյանը հենց իրեն էր ներկայացնում' ասելով, որ երևանցիները պետք է իմանան, թե ով է ինքը և ինչ ճանապարհ է անցել, ինչպիսի կենսագրություն ունի:
Եթե Գուրգեն Արսենյանը չէ Երևանի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուն, ապա նրա ներկայացումն անիմաստ է, քանի որ նա, միևնույն է' չի լինելու Երևանի ավագանու շարքային անդամ, այլ կգերադասի հրաժարվել ավագանու անդամությունից' հանուն ԱԺ պատգամավորի մանդատի: Բացի այդ, ներկաները կարող էին գոնե մեկ խոսք ասել իրենց ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանի մասին, որն այդպես էլ հանդիպման մասնակիցները չլսեցին:
Իսկ Գուրգեն Արսենյանն անընդհատ, որպես իր արժանիք' շեշտում էր Երևանում ծնված և 53 տարի ապրած լինելու հանգամանքը, ով ոչ մի պաշտոն չի զբաղեցրել, ոչինչ չի սեփականաշնորհել կամ վարձակալել Երևանից, ամեն ինչ ստեղծել է իր քրտինքի և աշխատանքի արդյունքում: Իսկ 11 տարի առաջ հիմնադրած իր ընկերությունները պետական բյուջե են մուծել 120 միլիոն դոլար, որը ծառայել է պետության կարիքների համար: «Ես իմ քաղաքից, իմ երկրից ոչինչ չեմ վերցրել, այլ միայն տվել եմ»,- իր կերպարն ամբողջացնելով' ասում է Գուրգեն Արսենյանը:
Իսկ ի՞նչ է փոխելու Գուրգեն Արսենյանը Երևանի քաղաքապետ ընտրվելու դեպքում: Առաջին նախընտրական խոստումը, որ նա տվեց, գազի ներտնային սպասարկման վճարի վերացումն է: Նա ներկաներին հարցրեց, թե ովքե՞ր են կողմ, որ այդ վճարը վերացվի. դահլիճը դրականորեն և բուռն արձագանքեց: Արսենյանն առաջարկեց ձեռք բարձրացնելու միջոցով քվեարկություն անել: Գրեթե բոլորը ձեռքները վեր բարձրացրեցին: Չնայած կային և դժգոհներ, ովքեր պահանջում էին, որ ոչ միայն սպասարկման վճարը վերացվի, այլ գազի գինն էժանացվի, քանի որ սպասարկման վճարն այնքան էլ մեծ գումար չէ:
Քվեարկությունից հետո Գուրգեն Արսենյանը պաշտոնապես հայտարարեց, որ Երևանի քաղաքային իշխանության ղեկը ստանձնելու դեպքում իրենց քաղաքական թիմը և ինքը՝ որպես Գուրգեն Արսենյան, խոստանում է, որ գազի ներտնային սպասարկման վճարը կվերացվի: Այս խոստումն ընդունվեց բուռն ծափահարություններով:
Գուրգեն Արսենյանը խոսեց աղբահանության մասին, ասելով, որ աղբը Սովետաշենի աղբավայր տեղափոխելով և այն չվերամշակելով' վերածվում է թույնի քաղաքի համար, խոսեց փոշոտ ու կեղտոտ մթնոլորտի մասին, որի պատճառով, երբ անձրև է գալիս, իր կապույտ մեքենան ցեխագույն է դառնում, վատ կազմակերպվող տրանսպորտային հոսքերի, և էլի բազմաթիվ խնդիրների մասին, որոնք նա մտադիր է լուծել քաղաքապետ դառնալու դեպքում:
Գ. Արսենյանը տեղեկացրեց նաև, որ հատուկ ուսումնասիրություն է պատվիրել, պարզելու համար, թե որքան մանկապարտեզ է փակվել վերջին 11 տարիների ընթացքում. այդ տարիներն Արսենյանը համարում է ՀՀԿ-ի կառավարման տարիներ: Թե ինչո՞ւ 11, նույնպես անհասկանալի է: Առաջին ՀՀԿ-ական կառավարությունը կազմավորվել է 1999թ.: Արսենյանն ասում է, որ այսօր Երևանում գործում է 161 մանկապարտեզ, իսկ թե որքան կար 11 տարի առաջ, ինքը կհայտարարի հեռուստատեսությամբ, ուսումնասիրության արդյունքները հայտնի լինելուց հետո:
Բայց Գուրգեն Արսենյանը երեկվա հանդիպման ժամանակ մի շատ տարածված ու վտանգավոր միտք արտահայտեց: Դիմելով Երևանի Կենտրոնի բնակիչներին, նա հարցրեց, թե արդյոք չե՞ն նկատել, որ փոխվել է Կենտրոնում բնակվող մարդկանց որակը, նրանց տեսքը:
Ընդհանրապես կա ներերևանյան շովինիզմ, որը դրսևորվում է հետևյալ կերպ. բնիկ երևանցիները բարձր որակի, բարձր ռասայի ներկայացուցիչներ են: Այս ռասային են պատկանում նրանք, ովքեր ծնվել են Երևանում, ցանկալի է, որ Երևանում ծնված լինեն նաև ծնողները, իսկ եթե Երևանում է ծնվել նաև պապը, նա արդեն մաքրագույն երևանցի է:
Նրանցից բացի, կան գյուղերից եկած և Երևանի կենտրոնում միայն վերջերս հաստատված մարդիկ, ովքեր իրենց որակով զիջում են բնիկներին, այսինքն' ավելի ցածր ռասսայի ներկայացուցիչներ են: Երբ այս մտայնությունը կա կենցաղային մակարդակում, իրենից վտանգ չի ներկայացնում, քանի որ գրեթե ամեն տեղ էլ կարելի է հանդիպել նման հակադրությունների' տեղաբնակների և եկվորների միջև, որը ժամանակի ընթացքում հարթվում է, երբ եկվորները դառնում են տեղաբնակ: Բայց այլ բան է, երբ դա բարձրացվում է քաղաքականության մակարդակի, և դրա մասին խոսում ու դրանից բողոքում է քաղաքապետի թեկնածուն: Ի՞նչ է անելու Գուրգեն Արսենյանը քաղաքապետ ընտրվելու դեպքում, ինչպե՞ս է բարձրացնելու Կենտրոնի բնակիչների որակը:
Առաջին միտքը, որ ծագում է այս դեպքում, այն է, որ Կենտրոնից հարկադրաբար պետք է վտարվեն գյուղերից և արվարձաններից եկածները, և մնան միայն «բարձրորակ» երևանցիները: Բայց Երևանի քաղաքապետը միայն Կենտրոնի քաղաքապետը չէ, նա նաև չարբախցիների կամ շենգավիթցիների քաղաքապետն է, և, եթե նա մտածում է Կենտրոնի բարձր որակի և անաղարտության մասին, դա արդեն վատ է: Վատ է ոչ միայն այն պատճառով, որ մարդկանց չի կարելի բաժանել բարձրորակների և ցածրորակների, այլ նաև զուտ ընտրական տեխնոլոգիաների տեսակետից, քանի որ, եթե դու նման բան ասելով' շահում ես մաքուր ծագում ունեցող' «սպիտակ» երևանցիների համակրանքը, ապա քո դեմ ես լարում «սևերին», «մուլատներին», «մետիսներին» և մյուս «խառնածիններին», իսկ նրանք ավելի շատ են, քան «սպիտակները»:
Իսկ ի՞նչ էին ասում մյուս ելույթ ունեցողները: Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով տարվող քարոզչության մասին, ըստ որի' հաղթողը կանխորոշված է, ասում է, որ նման քարոզչության նպատակը հուսալքության մթնոլորտը խորացնելն է: «Ձեր քվեից է կախված' ինչ Երևան ենք ունենալու վաղը, և ինչ Հայաստան ենք ունենալու վաղը»: Պատասխանելով ներկաներից մեկի հարցին, թե ինչպե՞ս է ինքը վերաբերվում համատիրություններին, Զոհրաբյանը հայտարարեց, որ ի դեմս համատիրությունների ղեկավարների' ձևավորվել է «մանր գրպանահատների կաստա», որովհետև ինքն էլ տարեկան 12 հազար 500 դրամ է մուծում համատիրությանը, սակայն որևէ մեկից չի կարողանում ստանալ իր հարցի պատասխանը, թե ինչի վրա է ծախսվում այդ գումարը: Ըստ Զոհրաբյանի, իրենց նախընտրական ծրագրում կա այդ խնդրի լուծման հստակ մեխանիզմ:
Ստեփան Մարգարյանը խոսելով անկառավարելի կառուցապատման անթույլատրելիության մասին, այլ երկրների և քաղաքների օրինակով առաջարկում է ստեղծել փակ գոտիներ, փակ տարածքներ, որտեղ կառուցապատումը կարգելվի, որտեղ շինթույլտվություն տալը կդիտվի օրենքի խախտում: Մարգարյանն առաջարկում է բեռնաթափել կենտրոնը, այնպես որ, այն լինի ոչ թե բիզնեսի, փող աշխատելու, այլ բնակության համար հարմար վայր: