Երևանի քաղաքապետարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Հրաչյա Սարգսյանի ընտրվելուց հետո ՔՊ-ի ներսում ակտիվորեն քննարկվում էր, թե ով է գալիք ընտրություններում լինելու իշխանությունների քաղաքապետի թեկնածուն: Մամուլը երկու անուն էր նշում՝ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի և նախկին փոխվարչապետ Տիգրան Ավիանյանի անունները:
Ավինյանին, ըստ մամուլի հրապարակումների, քարտ բլանշ են տվել՝ նշանակումներ անել, ոմանց աջակցել, ոմանց ընդառաջել եւ պայմանավորվածություններ ձեռք բերել, որ ընտրությունների ժամանակ ձայներ բերեն ՔՊ-ին։ Սակայն պարզվել է, որ առաջին հայացքից մեղմ ու կառավարելի Հրաչյա Սարգսյանը, որին քաղաքապետ դարձրին՝ Մարությանից ազատվելու համար, այդքան էլ հեշտ չի տեղավորվում այս ծրագրի շրջանակներում։ Նա սկսել է հակադրվել Ավինյանին, բոյկոտել նրա ուղարկած կադրերին եւ որոշ հարցերում ընդդիմանալ և հասկանալով, որ այս պահին ՔՊ-ում չկա կոնսենսուս քաղաքապետի թեկնածուի շուրջ' որոշել է ամրապնդել դիրքերը և իր սեփական խաղը խաղալ:
Այսօր Հրաչյա Սարգսյանը իր խորհրդական է նշանակել Գարիկ Բարսեղյանին, ում անգամ քաղաքապետարանում չեն ճանաչում, այսինքն՝ այս դիրքում Սարգսյանը նախընտրել է յուրային մարդու նշանակել: Նոր քաղաքապետի ինքնուրույնության և անհնազանդության մեկ այլ օրինակ էլ այն է, որ վերջինս, կարծես, չի պատրաստվում կատարել Փաշինյանի հորդորը և ակտիվորեն աշխատել ՔՊ-ական ավագանու հետ: Նախկին քաղաքապետը պարբերաբար հանդիպումներ էր կազմակերպում ֆրակցիայի անդամների հետ, անգամ այն փուլում, երբ ավագանու և Մարությանի միջև կոնֆլիկտը հասել էր իր պիկին: Հրաչյա Սարգսյանը Մարությանի այս ավանդույթը որոշել է չշարունակել: Սպասվում է, որ մոտակա օրերին կադրային նոր փոփոխություններ կլինեն և Երևանի վարչական շրջանի ղեկավարներ կնշանակվեն հենց Սարգսյանին լոյալ անձինք:
Բացի այդ, ինչպես գիտենք, Հրաչյա Սարգսյանը հենց ընտրվելու օրը հայտարարեց, որ ՔՊ-ին անդամակցելու պլաններ չունի, ինչը թիմում ոչ միանշանակ ընդունվեց: Շատերի կարծիքով' նա դիստանցիա է պահում թիմից և գնում է Հայկ Մարությանի ճանապարհով:
Ինչևէ, ակնհայտ է, որ Հրաչյա Սարգսյանը հեշտությամբ չի պատրաստվում զիջել բախտի բերմամբ իրեն բաժին հասած այս բարձր պաշտոնը և արդեն իսկ սկսել է պայքարել՝ իր տեղն արևի տակ պահպանելու համար: Մնում է հիշեցնել միայն, որ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից հենց վերը նշված անկախական քայլերի և սկսած ինքնուրույն խաղի պատճառով...