Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ նրա բրիտանացի գործընկեր Լիզ Թրասի բանակցությունների փակ հատվածում ակնարկների հիշարժան փոխանակում է տեղի ունեցել, գրում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով երկու դիվանագիտական աղբյուրների։
«Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը Ռուսաստանի արտգործնախարարին ասել է ուկրաինական սահմանից ռուսական զինված ուժերը հեռացնելու անհրաժեշտության մասին։ Սերգեյ Լավրովը պատասխանել է, որ զինվորականները գտնվում են իրենց երկրի տարածքում։ Լիզ Թրասը կրկնել է, որ դրանք պետք է հեռացվեն։ Սրան ռուս նախարարը կրկին առարկել է, որ զինվորականները ոչինչ չեն խախտում, քանի որ իրավունք ունեն Ռուսաստանի Դաշնության տարածքում ցանկացած զորավարժություն անցկացնել։
Դրանից հետո նա ինքն է հարց ուղղել իր բրիտանացի գործընկերոջը. «Չէ՞ որ դուք ճանաչում եք Ռուսաստանի ինքնիշխանությունը Ռոստովի եւ Վորոնեժի մարզերի նկատմամբ»։
«Մեծ Բրիտանիան երբեք չի ճանաչի Ռուսաստանի ինքնիշխանությունը այդ տարածաշրջանների նկատմամբ»,- կարճ դադարից հետո պատասխանել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը։
Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Դեբորա Բոներտը ստիպված է եղել միջամտել եւ նրբանկատորեն բացատրել Թրասին, որ խոսքն իսկապես ռուսական շրջանների մասին է։
Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը չի մեկնաբանել իրավիճակը։
Հիշեցնենք, որ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ հիասթափված է բանակցություններից եւ նշել էր, որ ինքը եւ իր գործընկերը չեն լսել միմյանց։ Լիզ Թրասը հայտարարել է, որ ոչ ոք չի խաթարում Ռուսաստանի անվտանգությունը։ Նա նաեւ ասել է, որ անհրաժեշտ է համարում ռուսական զորքերի հեռացումը Ուկրաինայի հետ սահմանից։
Թրասն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինան վերապրել է բազմաթիվ ներխուժումներ՝ «մոնղոլներից մինչեւ թաթարներ», իսկ «ներխուժումը Ռուսաստանին կներքաշի այնպիսի ճահիճի մեջ, ինչպիսին ձեւավորվել էր Աֆղանստանի պատերազմի կամ Չեչնիայի հակամարտության հետեւանքով»: