Ուկրաինայի արևելքում գտնվող Գրանիտնայա գյուղում ուկրաինացի զինվորականների հետ կոնֆլիկտի հետևանքով սպանվել է երկու էթնիկ հույն, ևս երկուսը ծանր վիրավորվել են։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Հունաստանի ԱԳՆ-ն։
«Խորը ցավով հայտնում ենք Ուկրաինայի արևելքում շփման գծի մերձակայքում գտնվող Գրանիտնայա գյուղում երկու էթնիկ հույների մահվան և ևս երկու մարդու ծանր վիրավորման կապակցությամբ։ Մենք նաև մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Ըստ տեղեկությունների՝ երկու հոգու սպանության հեղինակները ուկրաինական բանակի երեք զինծառայողներ են, որոնք վիճաբանություն են սկսել վերոնշյալ էթնիկ հույների հետ չնչին հարցի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույց ունենալու ցանկություն է հայտնել՝ կրկին ընդգծելու Ուկրաինայում հունական համայնքին պաշտպանելու անհրաժեշտությունը», - ասվում է ԱԳՆ-ում:
Երկուշաբթի ավելի վաղ Հունաստանի ԱԳՆ-ն հորդորել էր իր քաղաքացիներին անհապաղ լքել Ուկրաինան։